ԱՄՆ Արևմտյան թեմը, գլխավորությամբ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի, Հայ Եկեղեցու այն առաջատար համայնքներից է, որտեղ մշտապես արձանագրվում են հոգևոր ու ազգային բազմաթիվ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ։
Թեմապատկան շաբաթօրյա դպրոցները վերջին տարիներին դարձել են գաղութի հոգեմտավոր կյանքի անբաժան ու ստեղծարար զարդը՝ լույս ու գիտություն սփռելով իրենց շուրջը։ Դեռևս 2015 թվականին էր, որ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը, մասնակցելով ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված մրցույթի, ուր ներգրաված էր 15 երկրներից 95 դպրոց, «Մայրենի պաշտպան» անվանակարգում ստացել էր 1-ին մրցանակ՝ ճանաչվելով սփյուռքի լավագույն կրթօջախներից մեկը, իսկ այժմ որպես թեմի մայր շաբաթօրյա հաստատություն, սփյուռքի պատմության մեջ, առաջին անգամ, ԱՄՆ Արևմտյան դպրոցների և քոլեջների միության կողմից (WASC) ստանում է պետական արտոնագիր։
Շուրջ մեկամյա ուսումնասիրություններից հետո, այս մասին որոշում է կայացվել վերոնշյալ կազմակերպության 2024 թ․-ի ամառային հանձնաժողովի հատուկ նիստում։
Արևմտյան թեմի Շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանն ուրախությամբ նշեց, որ «Նման հեղինակավոր հաստատության կողմից պետական արտոնագիր ստանալը պատվաբեր է և պարտավորեցնող։ Այն մեր երկար տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն է»։
«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցն իր մեջ ներառում է թեմի տարբեր եկեղեցիներում գործող հետևյալ կրթական հաստատությունները․
1.Փասադենայի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շաբաթօրյա դպրոցը,
2․ Վեն Նայսի Ս․ Պետրոս եկեղեցու շաբաթօրյա դպրոցը,
3. Թահանգայի Ս․ Առաքելոց եկեղեցու շաբաթօրյա դպրոցը
4. Սանտա Կլարիտայի Ս․ Սարգիս եկեղեցու շաբաթօրյա դպրոցը,
5. Փորթլանդի Ս․ Գևորգ եկեղեցու շաբաթօրյա դպրոցը,
6. Սան Դիեգոյի Ս․ Սարգիս եկեղեցու շաբաթօրյա դպրոցը,
7. Սիաթլի Ս․ Հարություն եկեղեցու շաբաթօրյա դպրոցը,
8. Կուպերտինոյի Ս․ Անդրեաս եկեղեցու եկեղեցու շաբաթօրյա դպրոցը,
9. Գլենդելի Հայ Առաքելական եկեղեցու շաբաթօրյա դպրոցը,
10. Լաս Վեգասի Ս․ Կիրակոս եկեղեցու շաբաթօրյա դպրոցը,
11. Ֆրեզնոյի Ս․ Պողոս եկեղեցու շաբաթօրյա դպրոցը,
12․ Սակրամենտոյի Ս․ Հակոբ եկեղեցու շաբաթօրյա դպրոցը,
13․ Սան Ֆրանցիսկոյի Ս․ Հովհաննես եկեղեցու շաբաթօրյա դպրոցը,
14. Քոստա Մեսայի Ս․ Մարի եկեղեցու շաբաթօրյա դպրոցը,
15․ Արիզոնայի Ս․ Աբգար եկեղեցու շաբաթօրյա դպրոցը,
16․Ռանչո Միրաժի Ս․ Կարապետ եկեղեցու շաբաթօրյա դպրոցը։
Վերոնշյալ հաստատություններում սովորում է շուրջ 1500 աշակերտ։ Հետայսու այս կրթօջախների կողմից տրված ավարտական վկայականները, ճանաչվելով պետության կողմից, նորանոր հնարավորություններ են բացելու հայ շրջանավարտների համար։
Առանց նման հավաստագրի ԱՄՆ-ում չեն կարող գործունեություն ծավալել թե՛ ամերիկյան և թե՛ հայկական ամենօրյա դպրոցները, իսկ այս պարագայում Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանները դառնում են գեր մրցունակ՝ իրենց տված ազգային, հոգևոր ու մշակութային գիտելիքներով, բարձր հեղինակությամբ ու նոր պետական կարգավիճակով։ Առհասարակ նման արտոնագիրը վկայությունն է այն բանի, որ տվյալ կրթօջախները շարունակական, հարատև բարելավման գործընթացի մեջ են, որը ոչ այլ ինչ է քան, որակյալ կրթության նախահիմք։
Հարկ է նշել, որ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցներն իրենց կառուցվածքով ու կրթական, նորարարական, արդի ծրագրերով չափօրինակ են ամբողջ սփյուռքի տարածքում։ Նրանց կողմից կազմակերպվող հայերենի ուսուցիչների ամենամյա հավաքներին մասնակցում են բազմաթիվ մանկավարժներ ոչ միայն արևմտյան, այլև արևելյան թեմերից, ինչպես նաև Կանադայից, Եվրոպայից ու Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ դասախոսություններով հանդես են գալիս Հայաստանի և սփյուռքի հայտնի գիտնականներ, կրթական գործի կազմակերպիչներ։
Շաբաթօրյա դպրոցների հոգևոր տեսչությունը խոստանում է, որ այս կարևոր, բացառիկ ու պատմական հանգրվանը ևս ծառայեցվելու է ի շահ հայոց դպրության, Հայոց Մայր եկեղեցու և մեր ժողովրդի։
ԱՄՆ Արևմտյան թեմի Շաբաթօրյա վարժարանների մամլո դիվան
Comments