Սիրելի՛ Մարինե, մեր ընթերցողների անունից ողջունում ենք Ձեզ։ Շնորհակալություն, որ համաձայնեցիք հարցազրույց տալ։ Խնդրում եմ, համառոտ գծերով պատմե'ք Ձեր մասին:
Ծնվել եմ Երևանում, արվեստագետի ընտանիքում։ Սովորել եմ Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական հանրակրթական դպրոցում, այնուհետև ավարտել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-ջազային բաժինը։
Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնի նկարիչների դուստրը դարձավ երաժիշտ:
Անկեղծ ասած, չեմ հասցրել մտածել այդ մասին։ Ծնողներս պատմում են, որ վաղ տարիքից դաշնամուրի հանդեպ բացահայտ սեր և հետաքրքրություն եմ ունեցել։ Իմ և դաշնամուրի հանդիպումից հետո մենք անբաժան դարձանք։
Ի՞նչ է երաժշտությունը Ձեզ համար:
Եթե մեկ բառով փորձեմ սահմանել՝ կյանք… Ես երաժշտությունից դուրս, ուրիշ ոչ մի տեղ ինձ չեմ պատկերացնում։ Պետք է խոստովանեմ, որ կյանքն արդեն ինձ համար երաժշտություն է՝ իր ներդաշնակությամբ, գույներով, ապրումներով և զգացողությամբ։ Երգն ու երաժշտությունը բարձրացնում են մարդուն, ազնվացնում և պարգևում խաղաղություն ու անսահման սեր։
Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք ստեղծագործել և ո՞րն է ձեր առաջին երգը:
Հիշում եմ, որ առաջին երգս գրել եմ ութ տարեկանում, ամբողջ օրը նվագում և ինչ-որ մեղեդիներ էի հորինում, բայց երրորդ դասարանում արդեն ունեցա ամբողջական երգ, որի համար հպարտ եմ։ Այդ գեղեցիկ բերկրանքն էր, որ հիմք ու առիթ դարձավ իմ ստեղծագործական կյանքի։ Գրելու ժամանակ, կարծես թե թելադրության նման լսում եմ հնչյունները, մեղեդին ծնվում է ինքն իրեն, իմ միջից, դառնում իմ էության անբաժան մասնիկը։ Երգն սկսում է ապրել ինձ հետ, իմ կողքին և, ամեն անգամ լսելիս, կամ էլ կատարելիս, ես ապրում եմ նրա ամեն մի վայրկյանը։
Համոզված եմ, որ արվեստը պետք է մարդկանց առաջնորդի դեպի բարին ու կատարյալը։ Ես դավանում եմ այդ ճշմարտությանը։
Ինչպե՞ս եք ընտրում կատարողներին, և ովքե՞ր են երգում Ձեր ստեղծագործությունները:
Այսօր երգարվեստում հայտնի բոլոր մարդիկ իմ ընկերներն են և կոլեգաները։ Շատերը դիմում են ինձ երգ գրելու համար, որն անում եմ սիրով և բարձր պատասխանատվությամբ։ Այստեղ պետք է նաև նկատի ունենալ և լավ իմանալ արտիստի նախասիրություններն ու կատարման զգացողությունը։
Իմ երգերը կատարում են շատ սիրված և ճանաչված արտիստներ՝ Ռազմիկ Ամյանը, Սոնա Շահգելդյանը, Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան դուետը, Լիլիթ Կարապետյանը, Անդրեն, Լիլուն և այլոք։
Սիրելի՛ Մարինե, գիտենք, որ հայերեն, անգլերեն ու ռուսերեն երգերից բացի, ունեք նաև հունարեն 2 երգ, որոնք վերածել եք տեսահոլովակի:
Այո՛, ճիշտ եք, անկեղծ ասած, ինձ դուր է գալիս բազմազանությունը, այդ պատճառով էլ իմ երգերը ոճային առումով շատ բազմաբնույթ են։ Ինչ վերաբերում է երկու հունական երգերին, դրանք լրիվ պատահականորեն են հայտնվել իմ երգացանկում։
Ինչպիսի՞ բանաստեղծություններ եք նախընտրում Ձեր երգերի համար:
Ինձ մոտ առաջինը ծնվում է երաժշտությունը, որից հետո նոր միայն գրում եմ բառերը։ Երբեմն համագործակցում եմ այդ ասպարեզում հայտնի մարդկանց, օրինակ՝ Ավետ Բարսեղյանի և այլ տաղանդավոր անհատականությունների հետ։ Հպարտությամբ պետք է ասեմ, որ իմ գրչին է պատկանում Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի՝ Էջմիածնի օրհներգի երաժշտությունը, ինչպես նաև <<Հայկական ֆուտբոլ>> երգը, որը պատվիրված էր հատուկ Հայաստանի ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի կողմից։
Հայրենիքում ի՞նչ դժվարություններ ունի ստեղծագործող մտավորականը, ի՞նչ կուզեիք փոփոխել:
Ստեղծագործող մարդու համար բոլոր դժվարությունները հաղթահարելի են։ Կցանկանայի, որ մեր երկրում համերգային մշակույթը կրկին վերելք ապրեր, որ մեր հայրենիքում լիներ կայուն խաղաղություն, անամպ երկինք, երջանիկ մարդիկ։ Ամենակարևորը կցանկանայի, որ իմ երգը նպաստեր, որ աշխահի մարդիկ դառնային ավելի բարի ու ավելի ուրախ։
Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում:
Ապագայի հետ կապված շատ մեծ ծրագրեր ունեմ՝ նոր երգեր, նոր տեսահոլովակներ, ինչպես նաև ԱՄՆ-ից ունեմ ֆիլմում նկարահանվելու առաջարկ։
Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին և Ձեր երկրագուներին։
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս գեղեցիկ հնարավորության համար։ Ես բոլորին մաղթում եմ սեր, ուժ և եռանդ, որպեսզի երբեք չվարանեն իրենց նպատակներին հասնելու ճանապարհին։ Կարծում եմ սա է հաջողության հասնելու բանալին։ Իմ երկրպագուներին ուզում եմ ասել, որ ես սիրում եմ բոլորին, երգում և ստեղծագործում եմ իրենց համար։ Հայրենիքից հեռու ապրող մեր հայրենակիցներին հորդորում եմ հաճախ գալ Հայաստան, մենք Ձեզ սիրով սպասում ենք, որովհետև աշխարհի վրա տարածքով փոքր, բայց ջերմությամբ լի այս հերոսական հողակտորն է, որ համախմբում և միավորում է բոլորիս։
Շնորհակալություն։
Թղթակից
Սիրով ներկայացնում ենք Մարինե Մխիթարյանի ստեղծագործություններից մի քանիսը։
Էջմիածին քաղաքի օրհներգը
Հայկական ֆուտբոլ
Շնորհավոր
DEN ME AGAPISES (ΔΕΝ ΜΕ ΑΓΑΠΗΣΕΣ)
Comments