Մարտի 4-ին լրանում է Գուգարաց թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ծննդյան 45-ամյա տարեդարձը։
Մարդկանց մեծամասնության մոտ, հետպատանեկության տարիներից սկսած, ծննդյան տարեդարձի օրը պատում է տարօրինակ տխրություն, անհասկանալի թախիծ, առանձնանալու, մեկուսանալու ցանկություն։ Պատճառները բազմազան են, սակայն այդ օրվա մաղթանքները, բարի ցանկությունները, սրտաբուխ խոսքերը դառնում են յուրօրինակ աղոթք և օրհնություն՝ տարեդարձը դարձնելով հիշարժան ու նվիրական։ Բարի խոսքերն ունեն նաև ծառայության, պատասխանատվության պարտավորեցնող հատկություն։ Հոգևոր առաջնորդի համար տարեդարձը նաև խորհելու, արածն ու անելիքը քննելու առիթ է, կատարվածն ու ծրագրվածը վերագտնելու և վերաիմաստավորելու օր։
Հովնան սրբազանի անսակարկ ծառայությունը, Քրիստոսի արդարության ճանապարհով անայլայլ քայլելու հաստատակամությունը, մաքրությունն ու պարզությունը, ազնվությունը լավագույն հատկանիշներն են, որոնցով կարողացել է կյանքի կոչել հսկայածավալ աշխատանքներ, որոնք սկիզբ են առել Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի պաշտոնավարության շրջանում, իսկ այսօր էլ շարունակվում է Լոռվա հյուրընկալ աշխարհում։
Սրբազանը 2021թ․-ի հունվարի 15-ին էր, երբ պաշտոնապես ստանձնեց Գուգարաց թեմի առաջնորդությունը։ Ծառայության առաջին իսկ օրվանից ձեռնամուխ եղավ վերացնելու այն բոլոր բացթողումները, որոնք եղել էին նախկին շրջանում՝ պայմանավորված մի շարք գործոններով՝ ․․․․ համավարակ, պատերազմ և այլն։ Նորընտիր առաջնորդն անմիջապես լծվեց թեմական կառույցները վերակազմավորելու դժվարին ու պատասխանատու գործին։ Միաժամանակ սկսեց ծրագրել և իրականացնել բազմաբնույթ և աստվածահաճո ծրագրեր, որոնցից մի քանիսին համառոտ կանդրադառնանք մեր գրության մեջ։
Զինծառայողներին ու բանակին օգտակար լինելու մղումով՝ կազմակերպել է քնապարկեր կարելու անվճար դասընթացներ, որոնց մեջ ներգրավել են 44 օրյա աղետում զոված հերոսների մայրերը։ Սրան զուգահեռ՝ սկսել է գործել եռամսյա տևողությամբ կարի ընդհանուր դասընացներ, որտեղ ավարտողներն ապահովում են աշխատանքով և նվեր են ստանում կարի մեքենա։ Այս առումով հետաքրքրական նորարարություն է թելերի ներկման նախաձեռնությունը, որը լինելով որակապես շատ բարձր՝ օգտագործվում է ասեղնագործության մեջ՝ աշխատանքին հաղորդելով յուրահատուկ փայլ ու հմայք։
Կարևոր է նշել, որ թեմն օժանդակում է նաև <<Ողջ մնալու արվեստ>> կենտրոնի գործունեությանը, որը երիտասարդներին սովորեցնում է զինվորական հմտություններ և այլն։
Թեմում ծրագրվում է ունենալ նոր սոցիալական կենտրոն, որտեղ կտեղափոխվեն բոլոր դասընթացները, այդ թվում նաև ցանցեր և օժանդակ քողածածկեր պատրաստելու խմբերը։
Շուրջ 80 երիտասարդի մասնակցությամբ սկսել է գործել երգի, պարի, գոբելենագործության, նկարչության, մանրանկարչության, այս տարվանից նաև՝ կավագործության խմբակներ։
Բոլոր տոներին պարտադիր կազմակերպվում են համաթեմական միջոցառումներ, օրինակ՝ Ս․ Ծննդյան ծրագրի շրջանակներում թեմի կողմից տիկնիկային բեմականացման մասնակցել է շուրջ 500 երեխա։ Բոլորն էլ ստացել են հատուկ նվերներ։
Հարկ է նշել, որ Սրբազան հայրն իր էական մասնակցությունն է բերել Վանաձորի Տիկնիկայի թատրոնի արդիականացման ու վերանորոգման ծրագրերին։
Հովնան սրբազանի նախաձեռնությամբ աննախադեպ ծավալների են հասել շինարարական ծրագրերը։ Հսկայածավալ և հիմնարար աշխատանքներ են կատարվել թեմապատկան <<Ծիծեռնակ>> ճամբարում։ Այստեղ կառուցվել է հատուկ մասնաշենք <<Վարդանանց հետևորդներ>> նվագախմբի համար։ Ի դեպ, վերջինս ելույթներով հանդես է գալիս Վանաձորում անցկացվող տարբեր միջոցառումների ժամանակ։
Բարեկարգվել, ընդարձակվել և պարսպապատվել է ճամբարի տարածքը։ Կառուցվում է նոր ու ժամանակակից հանգստի մասնաշենք։
Հիմնովին վերականգնվում են Հաղպատի վանատունը, Կուռթան գյուղի հովվատունը, կիրակնօրյա դպրոցը ու հանգստյան գոտին։
Նոր մասնաշենք է ձեռք բերվել երիտասարդական միության համար։ Օծվել և վերաօծվել են բազմաթիվ եկեղեցիներ, մատուռներ ու խաչքարեր։
Որպեսզի ծրագրերը խտացված չլինեն միայն քաղաքներում, այլ հոգևոր կյանքը զարգանա համաչափ, Սրբազան հոր նախաձեռնությամբ, զարկ է տրվել նաև կիրակնօրյա դպրոցներին, որոնցից չափօրինակ է դարձել Ախթալայի կիրակնօրյա վարժարանը։ Առաջիկայում ծրագրվում է նոր մասնաշենք կառուցել նաև առաջնորդարանի բակում, որը կծառայի քարոզչական կենտրոնին և այլ կարևոր թեմապատկան կառույցների։ Հարկ է արձանագրել, որ այս բոլոր գործերը կատարվում են նաև նոր աշխատատեղեր ստեղծելով, որը չափազանց կարևոր է մայրաքաղաքից հեռու շրջանների համար։
Հովնան սրբազանի կարևոր ծառայություններից մեկն էլ այն է, որ այս կարճ ժամանակամիջոցում Վանաձորի առաջնորդանիստ Ս․ Գրիգոր Նարեկացի եկեղեցում կատարել է 2 հոգևորականների քահանայական ձեռնադրություն և օծում, որոնք իրենց նվիրյալ սպասավորությունն են բերում թեմի տարածքում։
Առաջնորդի օրհնությամբ տպագրվել են գրքեր։ Գիտական առումով եզակի է Մխիթարյան երախտավոր հայրերից Տ․ Համազասպ Վրդ․ Ոսկյանի <<Գուգարաց վանքեր>> աշխատության վերահրատարակումը՝ լրացված և պատշաճեցված։
Պատրաստվել է Ս․ Գրիգոր Նարեկացու <<Մատեան Ողբերգութեան>> 93 գլխից կազմված ձայնապնակը։
Հովնան սրբազանը խոսքը՝ գործ, գործը քարոզ դարձրած՝ շարունակում է իր ծառայությունը՝ վերականգնելով ժողովրդական ավանդույթները և բարեպաշտական սովորությունները, այդ թվում՝ ուխտագնացությունների կազմակերպումը։
Մշակութային առումով աննախադեպ էր 2022թ․-ի օգոստոսի 18-21-ը կրոնական ֆիլմերին նվիրված <<Ֆրեսկո>> կինոփառատոնի անցկացումը Գուգարաց թեմի առաջնորդարանում, որտեղ ներկա էր նաև Սերգեյ Փարաջանովի մտերիմ ընկեր ու լուսանկարիչ Յուրի Միչետովը։
Այս աստվածօրհնյալ ծրագրերը Սրբազան հայրը կյանքի է կոչում նվիրյալ հայորդիների բարի կամքով ու աջակցությամբ։ Այստեղ հարկ է ընդգծել, որ Հովնան սրբազանի ջանքերով Գուգարաց և ԱՄՆ Արևմտյան թեմերը դարձել են Քույր թեմեր, և բազմաթիվ ծրագրեր իրագործվում են այս գեղեցիկ համագործակցության շնորհիվ։
Լոռվա աշխարհում Սրբազանն ամենուր է, լինեն դրանք մշակութային, հոգևոր, թե ազգային միջոցառումներ։ Նա մշտապես իր հավատավոր հոտի կողքին է ուրախության, թե տխրության ժամանակ, որովհետև իր առաքելությունը զոհողության, ինքնամոռացման նկարագիր է, որն առաջնորդում է դեպի Ամենաբարին ու Ամենակատարյալը՝ Աստված։ Այս ամենով հանդերձ՝ Սրբազան հոր ամենամեծ ձեռքբերումն իր հավատավոր զավակների անսահման սերն ու հարգանքն է։
Սիրելի՜ Հովնան սրբազան, թո՛ղ Ամենակարող Աստված պահի ու պահպանի Ձեզ՝ պարգևելով քաջառողջություն և ամենայն բարիք, որպեսզի աստվածային իմաստությամբ ու եկեղեցանվեր ծառայասիրությամբ շարունակեք առաջնորդել տիրախնամ Գուգարաց թեմը և շարունակեք Ձեր ազնիվ կեցվածքով լինել չափօրինակ բոլորիս համար։
<<Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի քո անշարժ պահեա՛, եւ զերկրպագուս անուանդ քում պահեա՛ ի խաղաղութեան>>:
Թղթակից
HayLurUsa լրատվական ծառայությունը շնորհավորում է Գուգարաց թեմի բարեխրատ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան եպս․ Հակոբյանին, մաղթում՝ ամենայն բարիք։
Մատչիմ ի համբոյր Ձերդ Ս․ Աջոյն։
Օգտագործվել են Վահան Աբրահամյանի լուսանկարները։
Comments