top of page

Երկրորդ Ամենամյա Ծաղկազարդ Մանկական Փառատոնն Անցկացվեց Օրվա Խորհրդին Համահունչ

Ծաղկազարդի սիրելի տոնին, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից հռչակված է նաեւ երեխաների օրհնության օր, Գլենդելում կայացավ երկրորդ ամենամյա մանկական փառատոնը, որ կազմակերպել էր «Հայ Մանուկների Փառատոն» կազմակերպությունը՝ հովանավորությամբ եւ օրհնությամբ ԱՄՆ Արեւմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի: Մարտի 24ին, Վերդուգո այգում Ծաղկազարդի ոգին էր թեւածում՝ հայ մշակույթը համադրված օրվա կրոնական, հոգևոր խորհրդի հետ, որ սիրո եւ միասնության աննկարագրելի մթնոլորտ էր ձեւավորել: Փառատոնի նշանակության մասին համայնքին ուղղված իր ուղերձում, առաջնորդ Հովնան սրբազանը մասնավորապես նշել էր՝ «․․․ձեռնարկի ժամանակ, երեխաները միասնաբար կկազմեն մեծ ընտանիք՝ Աստծո սիրով եւ Քրիստոսի իմաստնությամբ առաջնորդված, որովհետեւ մեր բարի միտումն է, որ մեր բալիկները մեծանան քրիստոնեական շնչով, աղոթքով, եւ նաեւ ավետարանական պատգամներով»:

Ծաղկազարդ մանկական փառատոնը, որ ստեղծվել է «Ուլիկ» կազմակերպության ներքո, նպատակ ունի վառ պահել հայկական ինքնությունը մանուկների շրջանում, եւ այդ հարցում կենսական է համարում վաղ տարիքից սեր սերմանել հայ մշակույթի, լեզվի, պատմության ու հայ եկեղեցու հանդեպ, ինչպես նաեւ՝ պատասխանատվություն ազգային արժեքների, հայրենիքի եւ իրենց արմատների նկատմամբ: ««Ծաղկազարդ մանկական փառատոնն առիթ է տալիս մանուկների միջոցով ներկայացնելու եւ նշելու հայ մշակույթն ու ավանդույթները: Միաժամանակ, բացառիկ է մեր համայնքում, քանի որ հարթակ է տրամադրում հանրային եւ մասնավոր դպրոցներին, ինչպես նաեւ՝ գիտական, արվեստի, մարզական կրթօջախներին՝ ներկայացնելու իրենց սաներին, նրանց ձեռք բերած հմտությունները: Ուրախ ենք, որ փառատոնը սիրվեց համայնքի կողմից, եւ ունեցանք հազարավոր այցելուներ ինչպես առաջին, այնպես էլ՝ երկրորդ ձեռնարկի ժամանակ: Հատկանշական էր, որ փառատոնին մեծ թիվ էին կազմում ընտանիքները, որ նաեւ Ծաղկազարդի գեղեցիկ տոնն էին նշում միասին», - ընդգծում են փառատոնի համահիմնադիրներ Նանէ Ավագյանն ու Նելլի Ղուկասյանը:

Փառատոնի բացումը կատարեցին օրվա հանդիսավարներ Անուշ Գագուան եւ Վարդգես Բարսեղյանը՝ ներկայացնելով փառատոնի ծրագիրը, որ ընդգրկում էր բեմական կատարումներ, այգու տարբեր հատվածներում, տարաբնույթ խաղեր ու մրցույթներ, եւ տաղավարներ, որտեղ ընթանում էին կրթական ներկայացումներ՝ այցելու տարբեր տարիքի երեխաների համար:

Բեմում հանդես եկան Դավթյան եւ Մարիամյան կրթական հաստատության, Գլենդելի Միացյալ կրթաշրջանի եւ Լոս Անջելեսի Միացյալ Կրթաշրջանի դպրոցի սաները՝ ասմունքով, երգով ու պարով: Ելույթներով հանդես եկան համայնքի սիրված երգչախմբերի՝ «Սաունդ օֆ Չիլդրըն», «Փոփ Արթ Վոկալ Ստուդիո», «Իդա Աղախանյան փրոդաքշն», եւ օպերային երգիչ Պերճ Քարազյանի պատանի երաժիշտները՝ իրենց կատարումներով հիացնելով հանդիսատեսին: Հայ դասական կոմպոզիտորներին ներկայացրեցին «Լարք», «Ալեգրետտո», «Սոնատա», «Մեղեդի» երաժշտական դպրոցների, «Երաժշտության եւ արվեստի ակադեմիա»ի աշակերտները, նաեւ՝ հայտնի դուդուկահար Ռուբեն Հարությունյանի, «Վահագն» դհոլահարների անսամբլի սաները: Պարային համարներով ներկայացան՝ Լարքի «Տավիղ», «Էքսկլյուզիվ» համույթները: Բոլոր ելույթներն առանձնահատուկ էին մասնակիցների պատրաստվածության առումով, ինչն արդյունք է իրենց առաքելությունը լավագույնս իրականացնող ուսուցիչների:

Միաժամանակ, անցկացվեց շախմատային շոու ցուցադրություն եւ միաժամանակյա խաղ երեխաների հետ՝ Հայկական Շախմատային ակադեմիայի հիմնադիր Արմեն Համբարձումյանի ղեկավարությամբ եւ մարզիչներ՝ գրոսմայստերներ Արման Մելիքյանի եւ Ավիկ Սարկիշարաթունյանի մասնակցությամբ։ Կայացավ նկարչական բացօթյա ցուցահանդես՝ Ռենեսանս արվեստի կենտրոնի, Քլարք Մագնետ Ավագ Դպրոցի, Երաժշտության եւ արվեստի ակադեմիայի սաների մասնակցությամբ։

Նորարարական տեխնոլոգիաների «Թինքըր քլաբ» ակումբն էլ իրենց ամենամյա ընտանեկան մրցույթն անցկացրեցին փառատոնի շրջանակներում: Տաղավարները հիմնականում գիտակրթական, մշակութային բնույթ էին կրում՝ ՀԲԸՄ Նորարարական ստուդիայի եւ Արմաթ ճարտարագիտական աշխատանոցում ընթանում էին գիտափորձեր, երեխաները ծանոթանում էին ռոբոտաշինության հնարքների, հայկական տարազների պատմությանը, սովորում պատրաստել օճառ եւ մոմ։ ԱՄՆ Արեւմտյան թեմի տաղավարում էլ երեխաներին առիթ էր ստեղծվել ծանոթանալու Ծաղկազարդին, նկարազարդել եւ ստեղծագործել օրվա խորհրդի շրջանակներում: Ծնողների համար էլ առիթ էր ստեղծվել հանդիպելու մասնագետների՝ հոգեբանի, սննդաբանի, մանկաբույժի, աուտիզմի հարցերով կազմակերպության ներկայացուցիչների, ովքեր անվճար խորհրդատվություն տրամադրեցին: Միաժամանակ, տաղավարներում ներկայացված էին հայ արտադրողներ եւ նրանց ստեղծած ապրանքանիշները: Մասնակցում էին նաեւ բարեգործական կազմակերպություններ, որոնց հիմնական գործունեությունն ուղղված է Հայաստանում տարբեր խոցելի խմբերին աջակցելուն:

Վերդուգո այգին վերածվել էր մանուկների համար ժամանցի բացառիկ հարթակի, որտեղ յուրաքանչյուրը գտնում էր իրեն հարմար ու հաճելի զբաղմունք: Ծաղկազարդ երկրորդ մանկական փառատոնի ծրագիրն ընդհատվեց եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Մեր մասնակցիները, այդ թվում՝ հայկական պար ուսուցանելու համար պատրաստ «Արարատ» ազգագրական պարի համույթը, ազգագրական երգերի մասնագետ Հասմիկ Հարությունյանը, նաեւ՝ ԱՄՆ Արեւմտյան թեմի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի, Հայ Քույրերի Վարժարանի, Համազգայինի «Նայիրյան» երգչախմբի, եւ երաժիշտ Լիանա Մարտիրոսյանի սաները չկարողացան ներկայանակ: Անձրեւի պատճառով, ցավոք, չկայացավ ԱՄՆ Արեւմտյան թեմի հոգեւորականների կողմից երեխաների օրհնության արարողակարգը:

Այդուհանդերձ, Ծաղկազարդ մանկական փառատոնն իրականություն դարձավ, եւ բազմաթիվ գեղեցիկ պահեր պարգեւեց մանուկներին ու պատանիներին՝ համեմված հայ մշակույթով եւ հոգեւոր արժեքներով: Շատ փոքրիկներ խոստովանում էին, որ անհամբեր սպասել են փառատոնին, եւ նշում, որ սկսում են պատրաստվել հաջորդ տարվան: Կրթօջախների տնօրեններն ու ուսուցչուհիներն էլ ընդգծեցին ձեռնարկի կարեւորությունը, եւ դրական ազդեցությունը երեխաների կյանքում:

Երկրորդ ամենամյա Ծաղկազարդ Մանկական Փառատոնն իրականացավ համայնքի միասնության շնորհիվ, ովքեր տարբեր միջոցներով աջակցեցին եւ հովանավորեցին կազմակերպիչներին՝ ի դեմս ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի: Փառատոնի կայացումը համատեղ ջանք է՝ կազմակերպիչ հանձնախմբի, հովանավորների եւ աջակիցների, կրթօջախների ղեկավարների եւ ուսուցիչների, ծնողների եւ մանուկների: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել փառատոնի հովանավորներ եւ աջակիցներ՝ Ուլիկ մանկական նախագծին, անշարժ գույքի գործակալ Նելլի Ղուկասյանին, Գլենդել Սմայլս ատամնաբուժարանին՝ ի դեմս բժշկուհի Քրիսթին Դերոնյանի, Առնո Մեհրաբի իրավաբանական գրասենյակին, Նեպտուն փրոդաքշնին, «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցին, Արփի Ամիրյանին, Անուշ Գագուային, Վարդգես Բարսեղյանին, Դի Ջել Լյումելիին, Էլ էյ Գլոբալ Փրինթինգին:


Նանէ Ավագյան

Komentar


bottom of page