Ադրինե Թորոսյան Կենսագրական գծեր Ադրինե Թորոսյանը հետաքննող լրագրող է, հեռուստառեժիսոր, սցենարիստ, հետազոտող-փորձագետ, մանկավարժ: Աշխատել է հայաստանյան առաջատար լրատվամիջոցներում, միջազգային տարբեր ծրագրերում: 15 տարուց ավել հասարակական գործունեություն է ծավալում իրավական, կրթական, սոցիալ-մշակութային և բնապահպանական ոլորտներում: Հայաստանյան և միջազգային մի շարք մրցույթների հաղթող է: Օրերս «Հունիսի 14» ամենամյա մրցույթում նույնպես արժանացել է առաջին մրցանակին:
-Հարգելի՛ Ադրինե Թորոսյան, HayLurUsa լրատվական ծառայության անունից ողջունում եմ Ձեզ և շնորհակալություն հայտնում հարցազրույցի մեր առաջարկն ընդունելու համար։ Գրողի համաշխարհային օրը Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից գրական-մշակութային միջոցառման ընթացքում կազմակերպվել էր նաև «Հունիսի 14» մրցույթի մրցանակների հանձման արարողությունը: Ի՞նչ է խորհրդանշում անվանումը, և ո՞րն է մրցույթի նպատակը:
-Հունիսի 14-ը խորհրդային ժամանակների բռնադատվածների հիշատակի օրն է: Այդ առիթով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարել էր ստեղծագործական-խորհրդանշական մրցույթ: «Հունիսի 14» ավանդական մրցույթի առանցքում մարդն է, խորհրդային ժամանակներում հալածանքի, աքսորի ու բռնաճնշումների երևույթներն ու պատմությունը, անարդար իշխանության և բռնության համատեքստում դրանք դիտարկելը, մեկնաբանելն ու վերլուծելը։ Նպատակն է վերականգնել և հանրայնացնել Հայաստանի պատմության այդ շրջանը, հիշեցնել մարդկանց այդ մասին, զրույցներ ծավալել մեր ոչ վաղ անցյալի պատմության շուրջ և դասեր քաղել: Խորհրդային տարիներին ապրած, բռնաճնշումների ենթարկված, աքսորյալների կամ աքսորի ականատեսների անձնական պատմությունները, նրանց ժառանգների հուշերը հավաքագրելը հնարավորություն է ծանոթանալու պատմությանն այլ կողմից՝ իրողությունները տեսնելով հենց վերապրածի աչքերով: Նյութերը գնահատվել են անկախ հանձնաժողովի կողմից: Այս տարի ԵՀՀ-ն հանձնեց չորս մրցանակ, դրամական պարգևներ և հավաստագրեր:
-Ի՞նչ նյութ եք ներկայացրել Դուք: Եվ ի՞նչ զգացողություններ եք ունեցել ստեղծագործական գործընթացում:
-Հավաքված պատմությունները ներկայացնելու համար այս մրցույթում ժանրային լայն հնարավորություն է տրվում՝ գեղարվեստական տեքստ (պատմվածք, չափածո), հրապարակախոսական հոդված, հրապարակագրություն (ցանկացած ժանրի, ներառյալ՝ գրախոսություն, վերլուծություն և այլն), վավերագրական պատմություն, գիտական հոդված, գրաֆիկ նովել, գրքից հատված, տեսանյութ, վավերագրական ֆիլմ, գեղարվեստական ֆիլմ, պատկերապատում, լուսանկարներ՝ բացատրական տեքստով, այլ՝ երգ, երաժշտական ստեղծագործություն, գեղանկար, քանդակի լուսանկար, ճարտարապետական նախագիծ և այլն: Ես զրուցակցիս հետ մեր խոսակցությունը տեսաձայնագրում էի իմ տեսախցիկով: Բավականին երկար զրուցեցինք: Նա պատմում էր ամուր ձայնով, բայց հաճախ էր ընդհատում պատմությունը, հիշողություններն էր ժողովում, զգացմունքներն էր վերապրում … Ես ամբողջ ընթացքում մեղքի ու զղջման մարդկային իմ բաժինն էի ապրում ու մաշկիցս ներս թափանցող սարսուռ… Երբ վերադառնալով՝ նստեցի աշխատելու ու փորձում էի հասկանալ՝ ինչ տեսք է ստանալու ստեղծագործությունս, տեսագրությունիցս մի հատված նայելով՝ հասկացա, որ այդ ամենն այնքան է ներանձնական է, որ երևի թե իրավունք չունեմ տեսապատկերով հրապարակելու 73-ամյա մարդու՝ աքսորավայրից այդպես էլ ամբողջ կյանքում թաց մնացած մանկության աչքերը… Եվ շատ արժեքավոր այս զրույցն ամբողջական պահպանելու ու պատմությանը փոխանցելու համար որոշեցի դարձնել այն հուշապատում՝ վերնագրի համար ընտրելով, իմ կարծիքով, աքսորի ամբողջ ողբերգությունը խտացնող հետևյալ պատկերը՝ «Ես այդ մի կտոր չոր հացը ոչ թե ուտում էի, այլ փոքր կտորներով ծծում, որ երկար վայելեմ համը…» : Ես վավերագրել եմ դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան Սամվել Խալաթյանի մանկության պատմությունն աքսորավայրից՝ ամենաանկեղծ, բայց ցավոտ հիշողություններով:
-Ձեզ առաջին մրցանակը շնորհվեց: Ինչո՞վ էր առանձնահատուկ Ձեր աշխատանքը։
-Ամենակարևոր գնահատականը հանձնաժողովի անդամի այն դիտարկումն էր, որ թեև վավերագրության հիմքում փաստագրությունն է, և այդտեղ հստակ է փաստերի տարանջատումը, բայց իմ ներկայացրած նյութում փաստն ու հույզը միաձուլված են և շատ նրբորեն: Սա արդեն գեղարվեստական վավերագրություն է, և վավերագրված փաստերով ամբողջական գեղարվեստական պատկերներ են ստացվել: Հանձնաժողովի անդամը նյութից մեջբերեց նաև իր վրա տպավորություն թողած այն հատվածը, որ աքսորավայրում հավաքված հայերը, վախեցած, որ լսող կլինի, հայկական երգերը խմբով մտքում էին երգում՝ իրար հետ սկսելով, իրար հետ ավարտելով … «Մի հետաքրքիր երևույթ կար: Նախ, որպես կանոն, եթե հայերը ինչ-որ խնդիր էին ունենում, մեր տանն էին հավաքվում, սեղան էին գցում, ինքնաթոր օղի էին բերում (սամոգոն), տատիս պատրաստած գարեջուրը: Հայրս ասում էր՝ դե տղեք, սկսենք երգել: Տիրում էր մի խոր լռություն, բոլորը մտքում էին երգում… Ես երգի բառերը գիտեի, Անդրանիկին նվիրված երգերն էին: Բայց վախեցած, որ լսող կինի, մատնող կլինի, ինձ մինչև հիմա զարմացնում է՝ ինչպես էին բոլորը լուռ, իրար նայելով, իրար հետ սկսում, իրար հետ ավարտում այդ երգերը… »:
-Երկար տարիներ լրագրողական, հանրային գործունեություն եք ծավալել: Ո՞րն է լրագրողի առաքելությունը։
-Լրագրողի առաքելությունը ես ընդհանրապես երկրային իմ առաքելության ու կոչման մեջ եմ դիտարկում. արդարության, ճշմարտության, հավասարության հաստատումն ու երջանիկ հասարակության ստեղծումը:
-Իմ մեծ հայրը նույնպես ստալինյան բռնաճնշումների է ենթարկվել՝ անարդար պատիժը կրելով Ալթայի երկրամասում: Ես բոլոր բռնադատվածների ժառանգների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին բռնադատվածների հիշատակի օրը վառ պահելու համար: Վերջում ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին։ -Վերջերս բոլոր մտքերս երջանկության մասին են: Թերևս միտքս ամփոփեմ Ջոն Լենոնի հայտնի պատմությամբ. փոքրուց մայրը նրան սովորեցրել էր, որ կյանքում ամենակարևորը երջանիկ լինելն է։ Որն է կյանքի իմաստը՝ դպրոցական շարադրությունն էլ նա ուղղակի գրել էր՝ լինել երջանիկ: Ուսուցչի դիտողությանը, թե նա չի հասկացել հանձնարարությունը, Լենոնը պատասխանել էր, որ այդ նա չի հասկացել կյանքը: Մաղթում եմ բոլորիս՝ սովորենք լիարժեքորեն իրացնել երջանիկ լինելու՝ մեզ ի վերուստ տրված մեր բնական իրավունքը:
-Շնորհակալություն, հուսանք Ձեր գրությունը շուտով հասանելի կլինի նաև մեր ընթերցողներին։
Թղթակից
HayLurUsa լրատվական ծառայությունը շնորհավորում է Ադրինե Թորոսյանին «Հունիսի 14» մրցույթում Առաջին պատվավոր տեղը զբաղեցնելու համար, մաղթում՝ ստեղծագործական նորանոր հաջողություններ։
#Եվրասիա_համագործակցության_հիմնադրամ #Գրողի_Օր #HayLurUsa #June14 #ԵՀՀ #հունիսի14 #Ստալին #Բռնաճնշում #Adrine_Torosyan #Բռնադատված #Առաջին_մրցանակ #Ադրինե_Թորոսյան
Comentarios