top of page

Միջոցառում՝ նվիրված Գագիկ Աղաբաբյանի 65-ամյակին


Օրերս Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում կայացավ մշակութաբան, երգահան, մի շարք գրքերի հեղինակ Գագիկ Աղաբաբյանի 65-ամյակին նվիրված միջոցառում։ Ներկա էին արվեստագետներ, դասախոսներ, մշակութային կյանքով հետաքրքրվող անձինք։ Միջոցառումը վարում էր Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Էդգար Քոչարյանը։



Բացման խոսքով հանդես եկան Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Գագիկ Աղաբաբյանի դուստր Տաթև Աղաբաբյանը և Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Չոբանյանը։ Տաթև Աղաբաբյանը նշեց, որ միջոցառումը կազմակերպվել է Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգում սկզբնավորված «Մենք ու մերոնք» խորագիրը կրող շարքի շրջանակներում, ուր նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված վանաձորցի մտավորականների գործունեությանը։ Լիլիթ Չոբանյանը ողջունեց բոլոր ներկաներին, նշեց, որ մեծագույն սիրով է ստանձնել միջոցառման կազմակերպման գործը և ուրախ է Զորյանի տուն-թանգարանում հյուրընկալել Գագիկ Աղաբաբյանի պես բազմաբեղուն մտավորականին։

Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը նշեց, որ ուրախությամբ է մասնակցում «Մենք ու մերոնք» շարքի միջոցառումներին։ Նա խոսեց մարդու արարման բարձր խորհրդի ու նշանակության մասին։ Մարդկանց կարելի է բաժանել երկու խմբի՝ սպառողներ և արարողներ։ Գագիկ Աղաբաբյան-մտավորականը պատկանում է արարող տեսակին․ նա արարել է ամբողջ կյանքում։ Նրա երգերի շնորհիվ ամբողջական պատկերացում է ստեղծվում Վանաձոր քաղաքի կոլորիտի մասին։ Առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Գագիկ Աղաբաբյանի գնահատականն ամփոփեց Սիլվա Կապուտիկյանի ձևակերպմամբ․ «Մարդ, որ իր գոյությամբ սրբացնում է միջավայրը»։


Հաջորդիվ ցուցադրվեց տեսանյութ, որը ներկայացնում էր Գագիկ Աղաբաբյանի կենսագրությունը, մշակութային և կրթական գործունեությունը։

Վանաձորի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Մադոյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով և Գագիկ Աղաբաբյանին հանձնեց Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհակալագիրը։

Վանաձորի պետական համալսարանի դասախոս, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանն իր խոսքում կարևորեց մարդու գործի հարատևությունը։ Մարդկության պատմության սկզբից մինչ օրս Երկիր մոլորակի վրա ապրել է մոտ 90 միլիարդ մարդ, բայց նրանցից շատ քչերի անուններն են հիշվում։ Ասվածի ընդհանուր հայտարարն այն է, որ անմահ է մարդկային գործը։ Գագիկ Աղաբաբյանը մնայուն հետք է թողել քաղաքի մշակույթի պատմության մեջ, և հետևաբար նա այն սակավաթիվներից է, որ կհիշվի։

Երգիծաբան, դրամատուրգ Սամվել Խալաթյանը նույնպես կարևորեց Գագիկ Աղաբաբյանի՝ Վանաձորի մասին գրված երգերի դերը։ Նա խոսեց նաև ստեղծագործական գործընթացի աշախատանոցային մանրամասների մասին, քանի որ այդ երգերի խոսքերի հեղինակը հենց ինքն է։ Սովորաբար սկզբում գրվում են խոսքերը, այնուհետև՝ երաժշտությունը, բայց այս երգերի ստեղծման գործում կատարվել է հակառակը․ Սամվել Խալաթյանն աշխատել է զգացմունքնե՛րը վերածել բառերի։ Ս․ Խալաթյանը նշեց, որ Գագիկ Աղաբաբյանի մեջ կա հզոր զգացմունքային լիցք, որ առաջին հայացքից բարդ է նկատել։

ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը նշեց, որ Աստված Գագիկ Աղաբաբյանին օժտել է մի քանի շնորհներով, և նա կարողացել է իր տաղանդին համապատասխան գործեր ստեղծել։ Մանվել Միկոյանը խոսեց «Իմպրեսիոններ» բանաստեղծական ժողովածուի մասին, որում ամփոփված գործերն ունեն աֆորիստիկ բնույթ։ Սեղմ ծավալի մեջ ամփոփված է բավականին ընդգրկուն և պատկերավոր ասելիք։

ՎՊՀ—ի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանն անդրադարձավ Գագիկ Աղաբաբյանի գործունեության տարբեր ոլորտներին։ Գագիկ Աղաբաբյանը, ըստ նրա, մեր քաղաքի Արթուր Գրիգորյանն է։ Թ․ Շահվերդյանը նշեց, որ Գագիկ Աղաբաբյանի ստեղծագործական բեղուն արարումներին համարժեք է նրա մանակավարժական գործունեությունը։ Նա կրթել ու դաստիարակել է սերունդներ և որտեղ նստել է, շուք է բերել այդ աթոռին։ «Մուսաների ծառաներ» արժեքավոր աշխատությունը մեր քաղաքի կրթական, գիտական և մշակութային տարեգրությունն է։ Գագիկ Աղաբաբյանը մեր կյանքի վավերագիրն է։ «Մուսաների ծառաներ»-ում տեղ են գտել այն բոլոր գործիչները, որոնք փոքրիշատե հետք են թողել քաղաքի մշակույթի պատմության մեջ։ Թ․ Շահվերդյանը նշեց նաև, որ տպավորված է «Իմպրեսիոններ» բանաստեղծական ժողովածուով։

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Սոֆյա Սողոմոնյանը։ Նա պատմեց հետաքրքիր հուշեր, որ ամբողջացրին Գագիկ Աղաբաբյան-մարդու ու մտավորականի նկարագիրը, մաղթեց երկար ու բեղուն ստեղծագործական կյանք, ուժ ու եռանդ։

Գյումրեցի ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Արտուշ Պապոյանը նույնպես բարձր գնահատեց Գագիկ Աղաբաբյանի ստեղծագործական գործունեությունը՝ փաստելով, որ Լոռվա հողը ծնում, սնում և մեծացնում է մշակույթի կաղնիներ։ Նա նշեց, որ իր զավակները մեծացել են Գագիկ Աղաբաբյանի երգերի տակ։

Շնորհավորական խոսք ասաց նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ստեփան Դալլաքյանը։ Նա Գագիկ Աղաբաբյանին նվիրեց սկավառակ, որում ամփոփված էր իր կատարումներից մեկը։

Միջոցառման ավարտին Տաթև Աղաբաբյանը և Լիլիթ Չոբանյանը Գագիկ Աղաբաբյանին հանձնեցին շնորհավորագրեր Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի և Ստեփան Զորյանի տուն-թանգարանի կողմից։

Գագիկ Աղաբաբյանն իր խոսքում անդարադարձավ Գյումրի-Վանաձոր մշակութային համագործակցությանը՝ փաստելով, որ Գյումրին ամենակոլորիտային քաղաքն է։ Նա բարձր գնահատեց բոլոր ներկաների մասնակցությունն այս միջոցառմանը և երգեց «Հին թաղ» երգը (խոսքը՝ Սամվել Խալաթյանի, երաժշտությունը՝ Գագիկ Աղաբաբյանի):


Ներկաների ելույթներն ուղեկցվում էին նաև գեղարվեստական կատարումներով։ Միջոցառման ընթացքում հնչեցին Գագիկ Աղաբաբյանի տարբեր ստեղծագործություններից՝ «Աշնանային մտորումներ» (կատարումը՝ Գայանե Անդրեասյանի), «Ամենատխուր ծաղրածուն» (խոսքը՝ Վալերի Փիլոյանի, երաժշտությունը՝ Գագիկ Աղաբաբյանի, կատարումը՝ Քրիստինե Սիմոնյանի և Սյուզաննա Ասուլյանի), «Նաիրյան աշխարհ» (խոսքը՝ Հրաչյա Սարուխանի, երաժշտությունը՝ Գագիկ Աղաբաբյանի, կատարումը՝ Քրիստինե Սիմոնյանի և Սյուզաննա Ասուլյանի), «Լոռու հարսնապար» (դուդուկի մենանվագը՝ Արգիշտի Վարդանյանի), «Թռչնաձուկը» (կատարումը՝ Մանե Մկրտումյանի և Մարինա Ավետիքյանի), «Դու եկար» (խոսքը՝ Նարինե Հարությունյանի, երաժշտությունը՝ Գագիկ Աղաբաբյանի, կատարումը՝ Քրիստինե Սիմոնյանի), «Մեղեդի» (խոսքը՝ Հրաչյա Սարուխանի, երաժշտությունը՝ Գագիկ Աղաբաբյանի, կատարումը՝ Քրիստինե Սիմոնյանի), «Գյումրի» (խոսքը՝ Արա Աթյանի, երաժշտությունը՝ Գագիկ Աղաբաբյանի, կատարումը՝ Ստեփան Դալլաքյանի)։


Կարեն Մանուչարյան



Հատվածներ միջոցառումից։





Opmerkingen


bottom of page