top of page

Նշվեց Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյանի ծննդյան հոբելյանը (Տեսանյութ)

ԱՄՆ Արևմտյան թեմի Ս․ Ղևոնդյանց Մայր Տաճարը մշտապես աչքի է ընկնում իր մարդաշատությամբ, հատկապես սուրբ պատարագների ժամանակ, սակայն ապրիլի 21-ը տարբերվում էր մյուս կիրակիներից։ Եկեղեցում էին հավաքվել թեմի տարբեր քաղաքներից ու նահանգներից ժամանած երիտասարդներ, ինչպես նաև շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցի աշակերտներ։ Բանն այն էր, որ տակավին ամիսներ առաջ թեմի Երիտասարդաց միությունը առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ, որոշել էին անակնկալ կազմակերպել հոգեշնորհ Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյանի ծննդյան 40-ամյա հոբելյանը։

Հայր սուրբը ծնվել է հայրենիքում, միջնակարգն ավարտելուց հետո զինվորական ծառայության է կոչվել Արցախում, ապա սովորել և ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը, ձեռնադրվել կուսակրոն քահանա։ Հայր Երեմիայի աշխատանքային ծառայությունը կապված է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիվանատան, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի, Ավստրալիայի և ԱՄՆ Արևմտյան թեմերի հետ։

Լեփ լեցուն եկեղեցում, Հայր Երեմիան տեսնելով բազմաթիվ երիտասարդների ներկայությունը, որոնց իր ծառայական տարիների ընթացքում ուղորդել և առաջնորդել էր, թերևս զարմացավ, բայց ոչինչ չկռահեց։ Ապա Հովնան սրբազանը քարոզից առաջ ջերմորեն շնորհավորեց Հայր սուրբին՝ նրա կուրծքը զարդարելով հոյակերտ լանջախաչով։ Սրբազան հայրն իր խոսքում ընդգծեց Հայր սուրբի մարդկային ու հոգևոր արժանիքները, որ Հայր Երեմիան իր անսահման համեստությամբ, մտացի ու հոգեմտավոր ներուժով խանդավառում է հավատավոր հայորդիներին և նրանց առաջնորդում դեպի Քրիստոս և դեպի Մայր եկեղեցի։

Հայր սուրբը, քարոզի սկզբում խոստովանեց, որ օրվա խորհրդին պատշաճ այլ պատգամ էր պատրաստել, սակայն հարկարդրված է այլ բանի մասին խոսել։

Անակնկալներն այսքանով չվերջացան։ Պատարագից հետո ներկաները ավանդատան մուտքի մոտ սպասում էին հոբելյարին, որպեսզի առաջնորդեն դեպի <<Համբար>> սրահ, ուր կազմակերպել էին գեղեցիկ հայտագիր ու ճոխ հյուրասիրություն։

Տերունական աղոթքից հետո, օրվա հանդիսավար Վիկտորյա Ամրանը, համառոտ ներկայացրեց հոգեշնորհ Տ․ Երեմիա վրդ․ Աբգարյանի կենսագրական գծերը։ Խոսելով հայր սուրբի մարդկային հատկանիշների մասին՝ նշեց, որ նա ամենուր սիրված և հարգված հոգևորական է, որ նրա ծառայության շնորհիվ բազմապատկվել ու եռապատկվել են երիտասարդների մասնակցությունը հոգևոր ու եկեղեցական կյանքում։ Ապա նշեց, որ հոբելյարի տարեդարձի առթիվ շնորհավորանքներ են հղել աշխարհի չորս կողմերից Հայր սուրբի ծառայակից, միաբանակից և լծակից եղբայրներն ու մտերիմները, որից հետո տեղի ունեցավ գեղեցիկ տեսանյութի ցուցադրություն։

Հայտագիրը հագեցած էր նաև գեղարվեստական մասով։ Ռանչո Միրաժի Ս․ Կարապետ եկեղեցուց Դավիթ Գևորգյանը ավանդական դուդուկի կատարմամբ ներկայացրեց Կոմիտասի ստեղծագործություններից, իսկ Ս․ Ղևոնդյանց մայր տաճարի երիտասարդներից Ջաքլին Սեմերջյանը դաշնամուրով կատարեց Առնո Բաբաջանյանի <<Էլեգիա>>-ն։

Արևմտյան թեմի երիտասարդական միության կենտրոնական վարչության անունից շնորհավորական խոսքով հանդես եկավ ատենապետ Քենդես Կարասարիգիսյանը, որն իր խոսքում մասնավոր շնորհակալություն հայտնեց Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ին, որ Հայր Երեմիային վերանշանակեց ԱՄՆ Արևմտյան թեմում, ինչպես նաև առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանին, որ Հայր սուրբի համար ստեղծեց բոլոր պայմանները, որ նա իր ուսման հետ միաժամանակ բազմաբեղուն ու արդյունաշատ ծառայություն բերի տիրախնամ թեմում։

Երիտասարդ փաստաբաններ, բարեշնորհ Մայք սրկ․ Դերմենջյանը, Նարեկ սրկ․ Կասյանը և Էնդրյու սրկ․ Ղարիբյանը հումորային հիշողություններով ու պատմություններով ոգևորեցին ներկաներին՝ ընդգծելով Հայր Երեմիայի պատասխանատվության բարձր գիտակցությունը և անսահման սերն ու նվիրվածությունը դեպի Մայր Աթոռ Ս․ Էջմիածին, դեպի Մայր հայրենիք ու սրբազնասուրբ մեր Մայր եկեղեցին։

Տեսանյութ էին պատրաստել նաև թեմի տարբեր նահանգներում ու վայրերում ապրող երիտասարդները՝ իրենց ջերմ ու անկեղծ շնորհավորանքներով։

Բոլորը միահամուռ վկայում էին Հայր սուրբի բարձր արժանիքների մասին, որի երիտասարդ սրտի մեջ թաքնված է եկեղեցու հոգսերով և Քրիստոսի սիրով օժտված, բարձր գիտակցությամբ ու իմաստուն նկարագրով բարի հոգևորական, որը սիրված է բոլորի կողմից։ Նրա ազդեցիկ խոսքը ու անձնազոհ կերպարը խանդավառում է քրիստոնյա հայորդիների հոգիները և խթանում հավատացյալներին իրենց հոգևոր կյանքում։ Մարդկանց մշտապես օգնելու և զորավիգ կանգնելու առաքելությամբ՝ Հայր Երեմիան ամենուր է, թեմի տարբեր եկեղեցիներում, որին սպասում են անհամբեր թե՛ հավատցյալները և թե՛ հոգևոր սպասավորները։

Իր խոսքում Հայր Երեմիան շնորհակալություն հայտնեց ներկաներին նման հրաշալի անակնկալ կազմակերպելու համար։ Ընդգծեց, որ բոլոր բարեմաղթանքներն էլ ավելի են պարտավորեցնում իրեն հոգևոր ծառայության մեջ՝ ի սեր Քրիստոսի և ի սեր մեր աշխարհասփյուռ ժողովրդի։

Ավարտին Առաջնորդ Հովնան սրբազանի հայրական օրհնությամբ վերջացավ հայտագրի գերղարվեստական մասը։

Ծննդյան ավանդական երգեցողության ներքո երիտասարդները սրահ բերեցին գեղեցիկ տորթը, որի վրա պատկերված էր Հայր սուրբի մանկական նկարը, իսկ քանի որ բոլորի սրտում Հայր Երեմիան հավերժ երիտասարդ է, տարիքը խորհրդանշող քսան գումարած քսանի փոխարեն տեղադրված էր համեստ հարցական նշան։

Ներկաներին զարմացրեց նաև ծրագրավորող Վարդան Արզումանյանի ներբող բանաստեղծությունը՝ նվիրված հոբելյարին։

Սիրված հոգևորականի տարեդարձի անակնկալները շարունակվում են առ այսօր։ Օրվա մասնակիցները գեղեցիկ ցուցանակների վրա, շնորհավորական գրություններով պաստառներ են պատրաստում և որպես հիշատակ նվիրում բոլորի կողմից սիրված ՄԵՐ ՀԱՅՐ ՍՈՒՐԲԻՆ։

-Շնորհավոր տարեդարձ, սիրելի Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյան։


Թղթակից



Տ․ Երեմիա վրդ․ Աբգարյանին շնորհավորում են աշխարհի չորս կողմերից



Երիտասարդների շնորհավորական տեսանյութը



Comments


bottom of page