top of page

Ու՞ր են ձգտում գնալ Լաս Վեգասի հայ երեխաների ծնողները


Աշխարհի տարբեր ծայրերից միլիոնավոր զբոսաշրջիկներ ձգտում են դեպի Լաս Վեգասի գեղատեսիլ ու կախարդիչ խաղատները։ Իսկ ու՞ր են ձգտում այնտեղ բնակվող հայ երեխաների ծնողները։ Իհարկե', դեպի ԱՄՆ Արևմտյան թեմի ս․ Կիրակոս եկեղեցու <<Սետա Թաջիրյան>>-ի անվան հայկական շաբաթօրյա դպրոց, որպեսզի իրենց երեխաները սովորեն գրել, կարդալ հայերեն և հայ մեծանան։

Այնտեղ հայ երեխաները գրել, կարդալուց բացի, սովորում են հայոց պատմություն և ծանոթանում հայ մշակույթի հետ, ինչպես նաև ձեռք են բերում հայ ընկերներ։

Դա նպաստում է հայապահպանմանը, որը շատ կարևոր է այս բազմալեզու երկրում։ Մեր ուսուցչուհիները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի աշակերտների մեջ հայ մնալու սերն ամրապնդվի։ Այստեղ անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ աշակերտների և ուսուցչուհիների մասնակցությամբ։

2022 թ․-ի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ տոնական հանդես նվիրված Ամանորին, իսկ այս տարվա փետրվարի 5-ին՝ գրական- երաժշտական երեկո, որը նվիրված էր 44-օրյա պատերազմի հերոսներին՝ “Հերոսներն անմահ են, կյանքը շարունակվում է” խորագրով։ Երեկոյի ընթացքում հնչած բոլոր երգերի խոսքերն ու երաժշտությունը, ինչպես նաև բոլոր բանաստեղծությունները գրել է դպրոցի տնօրեն տիկին Լաուրա Խլղաթյանը։ Երեկոն սկսվեց եկեղեցու մատուռում փակցված զոհված հերոսների նկարների առջև՝ աղոթքով և մոմավառությամբ։ Ներկա էին բազմաթիվ հյուրեր, ինչ- պես նաև Լաս Վեգասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս, պարոն Ադրուշան Արմենեանը։ Միջոցառումը շատ մեծ տպավորություն էր թողել հանդիսատեսի վրա․ բոլորը հուզված էին․խոսքեր չէին գտնում իրենց հիացմունքն արտահայտելու։

Ուսումնական տարվա կարևոր ձեռնարկներից էր նաև մարտի 4-ին տեղի ունեցած հանդիսությունը ՝ նվիրված կանաց ու մայրության տոնին, որն ավանդաբար նշվում է մարտի 8-ին։ Այդ օրը բոլոր աշակերտներն իրենց սրտի խոսքն ասացին իրենց սիրելի մայրերին՝ արտասանելով և երգելով։ Իսկ վերջում վարդեր նվիրեցին մայրերին։

Հերթական ձեռնարկը ծրագրված է Ս․ Զատիկին՝ գեղեցիկ միջոցառում-մրցույթ աշակերտների մասնակցությամբ։ Այժմ աշխատանքներ են տարվում նաև ավարտական հանդեսը գեղեցիկ կազմակերպելու համար։

Այս բոլորն իրականացվում է դպրոցի տնօրեն, ազնիվ հայուհի տիկին Լաուրա Խլղաթյանի և մանկավարժական կազմի անձնվեր աշխատանքի շնորհիվ։ Տնօրենի հեղինակած երգերից մեկը, Ս․ Կիրակոս եկեղեցու հովիվ, հոգեշնորհ Տ․ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանի առաջարկով պետք է լինի դպրոցի օրհներգը՝


Դպրոց ենք մենք հաճախում

Հրաշքների քաղաք Լաս Վեգասում,

Ձեռք բերում շատ ընկերներ

Հայկական դպրոցում մեր։


Տե՛ս, ի՜նչ ուրախ ենք,

Որ հայ ընկերներ ունենք,

Հպա՛րտ ենք մենք ու զորե՛ղ,

Հա՛յ ենք մնում ամե՛ն տեղ։


Եկե՛ք, քույրե՛ր, եղբայրնե՛ր,

<<Թաջիրյան>> դպրոցը մեր,

Մեր մայր լեզուն սովորենք,

Հպա՛րտ ասենք, հա՛յ ենք մենք։


Տե՛ս, ի՜նչ ուրախ ենք,

Որ հայ ընկերներ ունենք,

Հպա՛րտ ենք մենք ու զորե՛ղ,

Հա՛յ ենք մնում ամե՛ն տեղ։


Թղթակից

Comments


bottom of page