Նորութիւն ասած չեմ լինի, եթէ ասեմ, որ Հայ Եկեղեցին մշտապէս հալածուել է թէ' Ռուսական Կայսրութեան եւ թէ' Խորհրդային շրջանի աւելի քան 40 տարիների ընթացքում: Բռնարարքների, Հայ Եկեղեցու ինչքին ու հարստութեանը տիրանալու արդիւնքում տակաւ առ տակաւ ժողովուրդը հեռացել էր եկեղեցուց ու Աստծուց: Սակայն եկաւ պահը եւ Աստուած հայ ժողովրդին նուիրեց մի լուսամիտ, հայրենասէր, հայասէր հոգեւորականի, որը պիտի կարողանար Հայաստանի եւ Սփիւռս աշխարհի հայութեան մօտ վերականգնել սովետական կրունկի տակ օրէ-օր մոռացութեան տրուող հայ ժողովրդի քրիստոնեական հաւատը: Եւ այդ հոգեւոր Հայրը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Առաջին էր, իմ բնորոշմամբ՝ 20-րդ դարի Խրիմեան Հայրիկը: Մարդամօտ, հաճելի բնաւորութեամբ, փառահեղ արտաքինի շնորհիւ, Կաթողիկոսը շատ արագ կարողացաւ շահել իշխանութիւնների սէրն ու համակրանքը: Վերջիններս աստիճանաբար «աչք փակեցին» նրա կատարած եկեղեցաշինութեան եւ հոգեւոր երաժշտութեան վերականգման ու տարածման աշխատանքի դիմաց:
1957 թուականին ես, ապագայ իմ կողակից Մարիետան եւ Սվետլանա Զաքարեանը ընդունուեցինք Ռ. Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարան: Հազիւ երկու-երեք ամիս անց, ուսումնարանի սոլֆեջիոյի դասատու հրաշալի երաժիշտ Հրատ Գէորգեանը Լիբանան չուելուց առաջ, Սվետլանային տանում է Վազգէն Վեհափառի մօտ: Երգչուհու կողմից կատարած «Սուրբ-Սուրբ»-ից յետոյ Վեհափառը անմիջապէս կարգադրում է նրան ընդգրկել Մայր Տաճարի երգչախմբի կազմում ու ուսումը շարունակելու հնարաւորութիւն տալ ուսանելու Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի վոկալ (ձայնամարզութեան) բաժնի անուանի փրոֆեսոր Թամարա Շահնազարեանի դասարանում: Հետեւելով Վեհափառ հօր խորհրդին՝ Սվետլանան հայացնում է իր անունը ու դառնում Լուսինէ: Յետագայում, Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ Պատարագի ընթացքին նոյն երգը լսելուց յետոյ, Կաթողիկոսն ասել է. «Երբ Լուսինէն երգում է «Սուրբ-Սուրբ»-ը ամբողջ հրեշտակները բազմութեամբ իջնում են Մայր Աթոռ»: Լուսինէն եւ Մարիետան 18 տարի շարունակ, կողք-կողքի, երգել են Մայր Աթոռի երգչախմբում: 1988-ի Յունիսին Լուսինէն Մարիետայի հետ միասին լաւագոյնս ջերմացրին Հոլիվուդի ջերմեռանդ հաւատացեալների հոգիները Ս. Յովհաննէս եկեղեցում փառայեղօրէն մատուցելով Սուրբ Պատարագի մեներգային բաժինը: Երեկոյեան, ընթրիքի ժամանակ հարցրի.
- Լուսինէ, որքան գիտեմ քեզ առաջարկում են Օփերային թատրոնում աշխատել, ինչո՞ւ չես գնում:
- Ոչ, ո՜չ , ի՞նչ ես ասում, ես առանց Էջմիածնի չեմ կարող ապրել, այնտեղ իմ կեանքն է, իմ տունը: Այդքան բազմութի՜ւն…, ես գիտեմ, որ նրանք հիմնականում ինձ լսելու համար են գալիս: Յետոյ…, գիտես առողջութիւնս էլ այն չէ…
… Չորս տարի անց Լուսինէն չկար, գնացել էր հրեշտակների մօտ, որոնց գովքն էր արել ողջ գործունէութեան ընթացքում: Ոչ մէկի մօտ Կասկած չի յարուցում այն փաստը, որ եթէ չլինէր Խորէն Պալեանը, հազիւ թէ Լուսինէն միայնակ կարողանար դառնալ այն եզակի, միակ երգչուհին, որի անմրցելի տաղանդի շնորհիւ, աշխարհը ճանաչեց ու սիրեց միջնադարից եկած Հայ հոգեւոր երգն ու երաժշտութիւնը: …Այն լուսաւոր տարիներին (1960-1985թ.թ.) աննախընթաց վերելք ապրեց հայ մշակոյթը, գրականութիւնն ու արուեստը: Քիչ թէ շատ ազատ խօսքն ու ազատ մտածողութիւնը թեւեր առան: Բացուեցին Հայաստանի բոլոր եկեղեցիների դռները, ինչպէս գրականագէտ, պատմաբան Սամուէլ Մուրադեանն է գրում՝ «Նրանք (Լուսինէ, Խորէն,- ՀԵՆ. Ա.) երեւոյթ էին, ամէն մէկը՝ իւրովի, մէկը՝ միւսին լրացնող: Նրանք կարողացան հայ հոգեւոր երգը դուրս բերել խորաններից ու դարձնել բեմական արժէք»: Իսկ սիրազեղ Խորէնը, Կարէն Մաթեւոսեանի հետ ունեցած հարցազրոյցում պիտի խոստովաներ. « Ես բախտաւոր եմ, որ նրա հետ նոյն յարկի տակ եմ անցկացրել 28 տարի, բախտաւոր եմ, որ ականատես եմ եղել Լուսինէի վերելքին եւ համաժողովրդական այն մեծ պոռթկումին, որ տեղի էր ունենում իւրաքանչիւր համերգի ժամանակ: Երբեք չեմ մոռանում Հայաստանեան եւ արտասահմանեան համերգներն ու հիացական արձագանգները: Պարոյր Սեւակն ասում էր. «Լուսինէն լցրեց այն դատարկութիւնը, որ մեր մշակոյթի մէջ կար հոգեւոր երգի ասպարէզում»:
… Անցեալ տարի Երեւանում հրատարակուեց շարականագէտ, գրաբարագէտ, լեզուաբան, երաժիշտ-երգիչ Խորէն Պալեանի «Լոյս ի Լուսոյ» (Լոյսից-Լոյս,- ՀԵՆ. Ա.) 500 եւ աւելի էջ կազմող ծաւալուն ժողովածուն, որի մէջ ընդգրկուած են Խորէն Պալեանի գիտական վերլուծութեամբ մի ամբողջ շարք հնադարեան տաղերի. շարականների, հոգեւոր երգերի եւ դրանց ստեղծող- հեղինակների մասին յօդուածները, ելոյթները, հարցազրոյցները, ինչպէս նաեւ «Ժամանակագրութիւնը Հայաստանեայց Առաքելական Ս. եկեղեցու» աշխատութիւնը: Գրքի կազմողը, խմբագիրն ու հիանալի, ծաւալուն առաջաբանի հեղինակն է անաչառ կերպով այսօրուայ Հայաստանի քաղաքական պժգալի իրականութիւնը ի ցոյց ամէնի լուսաբանող Երուանդ Տէր-Խաչատրեանը: Ենթադրում եմ, որ հենց նա է ժողովածուն անուանել «Լոյս ի Լուսոյ», որովհետեւ լաւ ճանաչելով հեղինակին, վստահ է եղել, որ Խորէն Պալեանը թէ՛ գիտական մատենագիտական աշխատութիւններով, թէ՛ շարականներ վերծանելով, պիտի երգէր Շնորհալի՝
<<Առաւօտ լուսոյ
Արեգակն արդար,
Առ ի լոյս ծագեայ>>:
Խորէն Պալեանը հռչակաւոր Պալեան ճարտարապետների յայտնի ընտանիքի ժառանգորդներից է: Պալեանները բազմաթիւ ճարտարապետական հրաշալիքներ են կառուցել Թուրքիայում, ի մասնաւորի Պոլսում, որտեղ ամենայայտնի կառոյցը «Դոլմա բախչա» անունով պալատն է, որ կառուցուել է Եղեռնից ընդամէնը չորս տարի առաջ: Անօրինակ նախճիր, որի պատճառով ողջ գերդաստանը ցրիւ է եկել աշխարհով մէկ: Իսկ Խորէնի ընտանիքը յայտնուել է Սիրիայում: Վստահ եմ, Խորէնն իմացել է իր գերդաստանի պատմութիւնը եւ հպարտութեամբ է կրել ՊԱԼԵԱՆ մականունը:
Տասներկու տարեկան էր Խորէնը, երբ ընտանիքով 1946 թուականին տեղափոխուեց Հայաստան: Կարճ ժամանակ անց ուսին դրած ուրարով մասնակից դարձաւ տարբեր եկեղեցիներում իրականացուող Սուրբ պատարագներին: Մէկ տարի Ռուսաստանի, նոյնքան Պաքուի հայ եկեղեցում ծառայելուց յետոյ՝գնաց Մայր Աթռռ Սուրբ Էջմիածին՝ Վազգէն Վեհափառի հովանի ներքոյ: Վեհը շատ շուտ հասկացաւ, որ իր առջեւ կրքոտ հաւատացեալ երիտասարդ է կանգնած, որն ուզում է Տիրոջ հետ խօսել իր լեզուով՝ գրաբար հայերէնով ու աղօթք մրմնջալով երգել մեր մեծերի շարականները: Այդ տարներին խստագոյնս հալածւում էին հաւատացեալները, իսկ իր շրջապատում Խորէնը երբեք չթաքցրեց իր հաւատացեալ լինելը եւ բարձրաձայն ասում էր՝ «Իմ առաւելութիւնը միւսների նկատմամբ՝ իմ հաւատացեալ լինելն է»: Նոյնիսկ Կոմիտասի անուան պետական երաժշտանոցում պարտադիր առարկայ էր Աթեիզմը (Անաստուածութիւն): Մի օրինակ իմ անձնական կեանքից:
1961 թ.-ին, ես եւ Մարիետան ընդունուեցինք Կոմիտասի անուան երաժշտանոց: Մինչ այդ, երկուսս էլ երգում էինք Էջմիածնի Մայր Տաճարի երգչախմբում: Դասերն սկսուելու հենց առաջին իսկ օրերին, ի թիւս երեք այլ ուսանողների, մեզ հրաւիրեցին ղեկավարութեան մօտ, ուր մեզ հարց տրուեց,- Կոնսերվատորիա՞, թէ՝ Էջմիածին, ընտրէք երկուսից մէկը: Միւս երեքն ընտրեցին առաջինը, իսկ ես ասացի՝ Էջմիածին:
-Իսկ կարո՞ղ էք ասել թէ ինչու,- հարցրեց, հաւանաբար կուսկազմակերպուպութեան քարտուղարը,- որովհետեւ մեր ուսումնական ծրագրում ոչ մի խօսք չկայ հայ հոգեւոր երաժշտութեան մասին, իսկ որտե՞ղ պիտի ծանօթանանք մեր սքանչելի հոգեւոր երգ-երաժշտութեան անմահ գոհարներին, ի վերջոյ՝ Պատարագի հետ, եթէ ոչ պետական երաժշտանոցում,- պատասխանեցի ես:
… Եկան խելամիտ ղեկավարներ (Զարոբեան, Քոչինեան, Դէմիրճեան) եւ սառոյցը հալուեց: 17 տարի Մարիետան Լուսինէի հետ մէկտեղ երգեց Էջմիածնի Մայր Տաճարում, իսկ ես նոյնքան ժամանակ ղեկավարեցի Արարատեան թեմի առաջնորդանիստ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու՝ Կոմիտասի անուան երաժշտանոցի ուսանողներով համալրուած երգչախումբը: Եւ առաջնորդ աննման հմայքի տէր Կոմիտաս Սրբազանի կարգադրութեամբ, 1970-ին Փարիզ գնալու ճանապարհին Էսթոնիայից Սուրբ Սարգիս եկեղեցի ուղարկեցի էլեկտրական երգեհոն: Ինձնից աւելի համարձակ ու գործունեայ եղաւ Խորէն Պալեանը:
-Ես թողնում եմ իմ ծառայութիւնը եկեղեցում, որպէսզի համալսարանում գրաբար սովորեցնեմ,- ասել էր նա Վեհափառին, իսկ մտովի՝ Աստծոյ հետ պէտք է խօսել ու շարական երգել նրա լեզուով: Եւ աւելի առաջ գնալով ստեղծեց ուսանողներից կազմուած «Հայ տոհմիկ» անուանումով երգչախումբ: Անձնական օրինակով ցոյց տուեց թէ որքա՜ն հմայիչ ու դիւրըմբռնելի են մեր հոգեւոր երգերն ու շարականները եւ գեղեցիկ բարիտոնով կատարեց «Տէր կեցոյ», «Ուրախ լեր», «Տէր ողորմեայ», «Սուրբ, սուրբ», «Տէր կեցոյ», «Ով զարմանալի», «Զանճառելի լոյս մայր», հոգեւոր եւ հայրենասիրական «Գարուն», «Կիլիկիա», «Հայաստան», «Կռունկ», «Ով հայրենեաց պսակադիր» երգերը: Խորէն Պալեանն իր երգեցողութեամբ մի նոր աշխարհ բացեց հայ ժողովրդի եւ, որ աւելի կարեւոր է՝ երաժիշտների եւ երաժշտասէրների հզօր բանակի առջեւ: Ժողովուրդը խելայեղօրէն ընդունեց նրա համերգային ելոյթները: Լայնածաւալ մամուլը գովեստի եւ գնահատանքի խօսքեր չխնայեց Խորէնի համերգների մասին: Ահա թէ ինչ է գրում «Երեկոյեան Երեւան» թերթ . «Խորէն Պալեանը նոր է բեմ բարձրացել, բայց կարճ միջոցն էլ բաւական եղաւ հոգեխօս երգով սրտեր նուաճելու համար… Պալեանի կատարումը իւրօրինակ է, թարմ ու արտայայտիչ, աչքի է ընկնում անկեղծ ոգեւորութեամբ, յուզական յագեցուածութեամբ, ջերմ սիրով, մանաւանդ՝ սիրով, որ իրեն զգալ է տալիս ամէն մի տողի, ամէն մի հնչիւնի մէջ»: (Ա. Մադոյեան, 28 Յուլիսի, 1966 թ.):
Որպէս մասնագէտ շարականագէտ, Խորէն Պալեանը միակն էր, եզակին,- գրում է Երուանդ Տէր-Խաչատրեանը»: Գրաբար լեզուի գերազանց մասնագէտ էր Խորէն Պալեանը: Համալսարանի նրա ուսանողները անյագ հետաքրքրութեամբ էին լսում նրա դասախօսութիւնները:
«Հայոց մեծ հանճար Մեսրոպ Մաշտոցը,- ասում էր նա,- հրաշակերտեց մեր աննման այբուբէնը եւ գրեց առաջին հայատառ նախադասութիւնը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Աւելացնեմ. Սողոմոն Իմաստունի «Առակաց գրքի» առաջին տողերն են սրանք: Եկէք չմոռանանք, որ առաջին գիրքը, որ թարգմանուել է հինգերորդ դարում՝ գրերի գիւտից յետոյ, Աստուածաշունչ մատեանն էր։
Խորէն Պալեանն իր ամբողջ կեանքը նուիրեց գրաբարը ժողովրդի մէջ տարածելու սրբազան առաքելութեանը, պեղեց, վերծանեց աւելի քան 1800 շարական, որոնցից աւելի քան հարիւրն՝ անգիր գիտէր: Իր կեանքի աւարտին լաւ է ասել իր ազգին պանծացնող միակն ու անկրկնելի Հանճարը.
<<Տառապեցի, սակայն ի՚ նչ փոյթ,
Երբ վշտերս մեռան ամէն
Գիտեմ, ինձ քո դուռն է տանում
Ճանապարհը յաւերժութեան>>:
Իմ այս յօդուածում ես գրեթէ չանդրադարձայ մեր շարականների եւ հոգեւոր երգերի երեք խոշորագոյն հսկաներ Սահակ Պարթեւին, Ներսէս Շնորհալուն եւ Գրիգոր Նարեկացուն: «Մեղաւորը» ազնուագոյն մարդ, բացառիկ տաղանդի տէր Խորէն Պալեանն է, որը խոշոր գիտականին յարիր մի այնպիսի աշխատութիւն է երեւան հանել, որ այս յօդուածի սահմանները չեն ներում նրանց անդրադառնալ: Ապագային, եթէ Աստուած կամենայ՝ ես առանձին յօդուած կը գրեմ նրանց մասին։ Միայն ապշել կարելի է, թէ ինչպէ՞ս է, որ ժամանակի մեծ համբաւ վայելած Երեւանի պետական համալսարանը որեւէ կոչում չի շնորհել խոշոր գիտնական Խորէն Պալեանին:
…Հին շարականներից եւ հոգեւոր երգերից օգտուել են բազմաթիւ հայ կոմպոզիտորներ, որոնցից մեզ յայտնի երաժիշտներն են՝ Էմին Արիստակէսեանը՝ «Սահակ Պարթեւի հինգ շարականները», Ալ. Յարութիւնեանը՝ «Գթայ Տէր», Առնօ Բաբաջանեանը՝ «Յորժամ», Էդգար Յովհաննիսեանը՝ «Անտունի» եւ «Մարմար» բալետներ, Հենրիկ Անասեանը՝ «Տասներկու շարական՝ երգչախմբի եւ սիմֆոնիկ նուագախմբի համար», չորս հոգեւոր երգ՝ սենեկային նուագախմբի հետ՝ նուիրուած երգչուհի Մարիետա Անասեանին: Սփիւռքահայ կոմպոզիտորներից Ալան Յովհաննէսն ու Համբարձում Պէրպէրեանը:
Հենրիկ Անասեան
Comments