Դեկտեմբերի 14-ին Լաս Վեգասի «Սեդա Թաջիրյան»-ի անվան շաբաթօրյա հայկական դպրոցում տոնական տրամադրություն էր։ Նոր տարվա ամենամյա միջոցառումների մեջ այս մեկը կրկին տարբերվում էր իր գեղեցիկ ծրագրով՝ երգ, պար, ասմունք և ամենակարևորը՝ հանդիպում ամենասիրված հյուրի՝ Ձմեռ պապի հետ։
Մինչ միջոցառումը, իր Տերունական աղոթքով և բարեմաղթանքով ելույթ ունեցավ եկեղեցու հոգևոր հովիվ, հոգեշնորհ Տեր Սասուն ծ․ վրդ․ Զմրուխտյանը։ Մանկան շուրթերով հնչեց Եղիա Փեչիկեանի «Փոքրիկի աղոթքը» բանաստեղծությունը։ Դպրոցի դահլիճը շողշողում էր գույների ու փայլի մեջ։ Մեջտեղում կանգնած էր տոնածառը, որը զարդարված էր գեղեցիկ խաղալիքներով և արծաթագույն փայլաթելիկներով։
Երեխաներն անհամբեր սպասում էին Ձմեռ պապիկին։ Եվ ահա՛, եկավ Ձմեռ պապն իր ձյունախառն կարմիր հագուստով և փառահեղ մորուքով։ Նա բռնել էր մի մեծ պարկ, որի մեջ Ամանորյա նվերներն էին։ Նա գովեց երեխաների գեղեցիկ երգն ու պարը, ապա բաժանեց նվերները։ Ապա երեխաներին հորդորեց լինել բարի, լսել մայրիկներին, մեծերին, իրենց ուսուցիչներին և ամենակարևորն անսալ՝ հայ մնալու խորհրդին։
Փարիզից դպրոցի սաներին շնորհավորելու էր եկել անվանի դաշնակարուհի և սոպրանո՝ Նելլի Հովակիմյանը։ Նա իր գեղեցիկ կատարումով հիացրեց աշակերտներին և հյուրերին։
Դե՛ իհարկե, իր լավագույն ցանկություններով և սրտագին մաղթանքներով ելույթ ունեցավ տիկ․ Լաուրա Խլղաթյանը։ Նա կրկին զարմացրեց իր նոր ստեղծագործություններով։
Նոր տարվա հանդիսությունն ավարտվեց հիանալի վերջաբանով։ Բոլոր ուսուցիչներն իրենց գեղեցիկ խոսքով շնորհավորեցին երեխաներին ու հյուրերին։
Անահիտ Աբրահամյան
Դպրոցի ուսումնական բանժնի պատասխանատու
Comments