2024 թ.-ի դեկտեմբերի 22-ին Ֆրեզնոյի Ս․ Պողոս եկեղեցու «Հայկ Բերբերյան» սրահում, որը զարդարված էր տոնական մոտիվներով, տեղի ունեցավ Շաբաթօրյա հայկական վարժարանի 32-րդ ամանորյա հանդեսը՝ հովանավորությամբ տեր և տիկին Հովհաննես և Նազելի Քութներյանների։
Ամենուր տիրում էր ուրախ տրամադրություն։ Վարժարանի տնօրենուհու ողջույնի խոսքից հետո, հոգեշնորհ Տ․ Անանիա վրդ․ Ծատուրյանի և եկեղեցու հովիվ Տեր Եսայի քահանա Պետրոսի աղոթքով ազդարարվեց միջոցառման մեկնարկը։ Այնուհետև բարձր գնահատվեց ուսուցիչների կատարած հայրենանվեր աշխատանքը, որոնց ջանքերի շնորհիվ հանդեսն անցավ շատ կազմակերպված, խորիմաստ և ավանդական սովորույթներով լի։
Յուրաքանչյուր խումբ յուրովի ներկայացավ։ Բարձր դասարանի աշակերտները ներկայացրեցին հայկական ավանդական ամանորը։ Վերջիններս պատրաստել էին կենաց ծառը և հայկական համեղ գաթան։ Ընտրվեց ընտանիքի տարվա ամենաերջանիկ անդամը։ Մերթ ընդ մերթ դաշնամուրային նվագակցությամբ երեխաների կատարումները, մեղրածոր մայրենի լեզվով ամանորյա ու Հիսուսի ծննդյանը նվիրված սահուն և վարժ ասմունքը, ինչպես նաև «Հայաստան» երաժշտության տակ գեղեցիկ պարը հիացրեցին մոտ 190 մասնակիցներին։ Իսկ ավանդական Յարխուշտայի ներքո դահլիճին մեծ ուրախություն պարգևեց Ձմեռ Պապին ՝ իր հետ բերելով նվերներ, բարի մաղթանքներ և առատ ձյուն։ Երկար ժամանակ սրահում տիրում էին ժպիտն ու երջանկությունը։ Իրապես հիշարժան օր էր բոլորի համար։
2025 թ․-ը թող համայն աշխարհին պարգևի խաղաղություն, սեր, երջանկություն, զորավոր հավատք և ամենայն բարիք։
-Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Մարգարիտ Դումանյան
Դպրոցի տնօրեն
Comments