Աշունը սփռել էր իր գեղեցիկ ու գունագեղ գորգն ամենուրեք։ Եղանակը պայծառ էր ու գրավիչ։ Լաս Վեգասի «Սեդա Թաջիրյան» անվան հայկական շաբաթօրյա դպրոցում մեծ իրարանցում էր տիրում։ Ուսուցչական կազմը, նկարչուհի Շուշաննան և մի քանի ծնողներ մեկ օր առաջ աշնան շնչով զարդարել էին դպրոցի մեծ սրահը։ Ամենուրեք աչք շոյող տեսարան էր։
Առանձին սեղանների վրա դրված էր ուտելիքի տեսակներ՝ հյուրասիրության համար, որոնց մեջ աչքի էին ընկնում ղափաման` իր գրավիչ տեսքով, հայկական կլոր գաթան, նուռը, դեղձը, տանձը, թուզը և այլ շատ անուշահամ ու անուշաբույր ուտեստներ։
Միջոցառումն սկսվեց հոգեշնորհ Տ․ Սասուն ծ․ վրդ Զմրուխտյանի աղոթքով։ Այնուհետև դպրոցի տնօրենը հանդես եկավ միջոցառման բացման խոսքով, որը համեմել էր գեղեցիկ ասմունքով։
Հերթով հանդես եկան բոլոր դասարանները, ինչպես նաև դաշնամուրի վրա միջանկյալ կատարվում էր մեր մեծերի գործերը՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան։ Այդ ստեղծագործությունները վարպետորեն նվագեց, գեղեցիկ հայուհի Շանել Արամեն, որը մեր դպրոցի նախկին սաներից էր։ Մի գեղեցիկ գործ էլ կատարեց 5-րդ դասարանի աշակերտ Դավիթ Աղեկյանը։
Պետք էր տեսնել, թե ինչպե՜ս էին արտասանում և երգում մեր աշակերտները։
Պատերը զարդարում էին մեր դպրոցի 20 աշակերտի ջրաներկով կատարած նկարները։ Աշակերտների հետ պարապել էին ուսուցչուհի Ծովինար Մնացականյանը և նկարչուհի Շուշաննա Վաղարշակյանը։
Վերջում դպրոցի տնօրենը բոլոր նկարող երեխաներին իր և Հայր Սասունի կողմից հանձնեց «Գովասանագիր»։
Բոլոր ծնողները բարձր գնահատեցին մեր ուսուցիչների կատարած քրտնաջան ու նվիրված աշխատանքը։ Մենք ամեն ինչ անում ենք մեր երեխաներին հայ մեծացնելու համար։
Բանաստեղծությունը գրված է հատուկ 4-րդ դասարանցիների համար։
Մրգերի վեճը
***
-Լսե՛ք, քույրե՛ր, եղբայրնե՛ր,-
Ասաց խաղողը մրգերին,-
Թե չլինեմ այսքան համեղ,
Դուք չե՛ք տեսնի աշուն շքեղ։
***
-Ի՞նչ ես խոսում, ա՛յ, պարծենկոտ,-
Խոսեց տանձը՝ ծառից վերի,-
Չկա՛ շքեղը ինձանից,
Թագուհին եմ ես անտառի։
***
-Դուք հապա ի՛նձ մտիկ արեք,-
Խոսեց խնձորն իր հերթին,-
Ինձ հոտոտե՛ք, անուշ արե՛ք,
Հիվանդի դեղ եմ ամենքին։
***
-Կարծես, թե դուք մոռացաք ինձ,-
Թթվեցրեց դեմքը շլորը,-
Թե օշարակ սարքեք ինձնից,
Կուզեք խմել ամբողջ օրը։
***
-Ձայնդ կտրի՛ր, թթու շլոր,-
Մեջ ընկավ քաղցր սալորը,-
Թե մի քիչ շատ քեզնից ուտեն,
Փորացավ կընկնեն ողջ օրը։
***
-Տե՛ս, ինչպե՜ս են գլուխ գովում
Մեր մրգերը գոռո՜զ, հպա՜րտ,
Միուսներին էլ փնովում,
Անտեսում են օրե՜նք, ադա՜թ։
***
Ամեն մի միրգ իր տե՛ղն ունի,
Համո՜վ, հոտո՜վ, բուրումնա՜լի,
Լինի դա տանձ, լինի խաղող,
Դեղձ ու սալոր, կամ էլ խնձոր։
***
Բալ անուշիկ, կարմրաթուշիկ,
Էլ ո՞րն ասեմ՝ ընկույզ, նուշիկ,
Հապա նուռը ուռա՜ծ, փքվա՜ծ,
Ներսում անթիվ հուլունք շարած։
****
Էլ չգովեք ինքներդ ձեզ,
Բոլոր մրգերն էլ պետք են մեզ,
Լինեք դուք թարմ, չամիչ, թե՝ չիր,
Սեղանի զարդ եք դուք ընտիր։
***
Ապրեք ուրա՜խ, հաշտ ու խաղա՜ղ,
Ու փառք տվեք աշնանը վաղ,
Վառ աշունը, թե չլիներ,
Միրգը ինչպե՞ս պիտի հասներ։
Լաուրա Խլղաթյան
Տնօրեն
Comments