top of page

«Դուդուկ. հայի հոգու ձայնը»՝ բացառիկ համերգ նվիրված հայ երաժշտության խորհրդանիշ դուդուկին (տեսանյութ)

Հայ մշակույթի հավերժական էությունը կներկայացվի հայ երաժշտության խորհրդանիշ դուդուկի միջոցով՝ նոյեմբերի 13-ին, Լոս Անջելեսում նախատեսված «Դուդուկ. հայի հոգու ձայնը» բացառիկ համերգի ժամանակ։ Այն կհնչի ավադական ժողովրդական, ինչպես նաեւ՝ դասական եւ ջազ ժանրերում, երգչախմբի եւ ճանաչված երգիչների ուղեկցությամբ՝ ներկայացնելով դուդուկի անսահման հնարավորությունները։

Համերգը մտահաղացել է աշխարհահռչակ դուդուկահար, Էմմանուել Հովհաննիսյանը, եւ կանցկացվի նրա հիմնադրած «Dudukman Production» եւ «Armenian Kids Festival» համագործակցությամբ։ Համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արեւմտյան թեմի բարեխրատ առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ։

«Համերգի գաղափարն այն էր, որ մեկ բեմում հանդես գան Լոս Անջելեսում բնակվող դուդուկահարների տարբեր սերունդները՝ ամեն մեկն իր գույնով ու ոճով, բայց ունենան մեկ ընդհանուր ասելիք, այն է, որ ավագ սերնդի վարպետ դուդուկահարների կողքին ունենք երիտասարդ դուդուկահարներ, ովքեր շարունակելու են դուդուկի հայկական դպրոցի ավանդույթները», նշում է Էմմանուել Հովհանիսյանը։ Միջոցառման առանձնահատկություններից է նաեւ այն, որ ծիրանափողը հնչելու է նորովի՝ բացի ժողովրդական մեղեդիներից ներկայացվելով նաեւ տարբեր ժանրերում։ «Մեր համայնքի համար գուցե փոքր ինչ անհանգստացնող թվա այն, որ դուդուկը հնչելու է նորովի։ Իրականում, դուդուկն էլ կարիք ունի շրջափոխության, եւ համերգի նպատակն է նաեւ մեր ազգային ամենահին նվագարաններից մեկը ներկայացնել այսօրվա շնչով, այսօրվա ռիթմի մեջ՝ միանշանակ հավատարիմ մնալով մեր ավանդական դուդուկի դպրոցին։ Այսինքն, կհնչեն եւ՛ ստեղծագործություններ, որոնք ծանոթ կլինեն մեր հանդիսատեսին, եւ՛ նոր գործեր, որ երբեւէ չեն հնչել, եւ այս ամենը կներկայացվի նոր կազմով, նոր հնչողությամբ», նշում է Էմմանուել Հովհաննիսյանը։ Համերգի ընթացքում նաեւ տեսանյութերի միջոցով կներկայացվի դուդուկի պատմությունն ու զարգացումը, դուդուկի հայ վարպետներն ու նրանց ներդրումը, ինչի արդյունքում, այն հայ գյուղացու ձեռքերից այսօր հասել է համաշխարհային բեմեր:

Դուդուկը հայկական ազգային ամենահին նվագարաններից է, որ ըստ որոշ տվյալների գործածվել է Ք․ծ.ա. 1200 թվականներին։ Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչեւ Տիգրան Մեծի ժամանակները, դուդուկի մասին հիշատակում է պատմահայր Խորենացին, եւ այն պատկերված է հայկական մանրանկարներում։ Ըստ էթնոերաժշտագետ Ջոնաթան ՄաքՔոլլումի՝ «Դուդուկը միակ հայկական երաժշտական գործիքն է, որ պատմության խորխորատներով հասել է մինչեւ մեր օրեր, եւ հայկական ինքնության ամենավառ խորհրդանիշներից է»։ Հատկանշական է, որ 2005 թ.-ին հայկական դուդուկը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց։

«Մենք սիրով արձագանքեցինք այսօր աշխարհում ամենաճանաչված դուդուկահաներից մեկի՝ Էմմանուել Հովհաննիսյանի գաղափարին, քանզի այն համընկնում էր մեր կազմակերպության նպատակներին, այն է՝ մեր նոր սերունդին ներկայացնել ակունքներից բխող հայ մշակույթն ու այս դեպքում՝ հայ երաժշտության ամենավառ խորհրդանիշներից մեկը՝ դուդուկը։ Միաժամանակ, այս նվագարանի միջոցով պատանիներին ու երիտասարդների հասանելի դարձնել հայ ժողովրդական՝ երաժշտությունը ճանաչված երաժիշտների միջոցով։ Այսօր հատկապես հույժ կարեւորում ենք հայ մշակույթի տարածումն ու հանրահռչակումը սփյուռքում, եւ ակնկալում ենք, որ հայ համայնքը կարձագանքի մեր նախաձեռնությանն ու աշխույժ մասնակցություն կունենա համերգին։ Ազգային մշակութային միջոցառումները լայն աջակցություն չեն ստանում համայնքում, եւ այս առումով ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին՝ որի հայրական օրհնությամբ է տեղի ունենալու համերգը», նշում են Armenian Kids Festival-ի հիմնադիրներ Նանե Ավագյանն ու Նելլի Ղուկասյանը։ Նրանք նաեւ ուրախությամբ արձանագրում են, որ համերգին աջակցում է Լոս Անջելեսում ազգային նվագարաններ դասավանդող միակ «Սոնատա» երաժշտական դպրոցը։

Դարեր շարունակ, դուդուկը հնչել է հայոց աշխարհում՝ ուրախության ու տխրության, հաղթանակների ու փորձությունների ժամանակ: Նրա մեղեդիները լսվել են թագավորների պալատներում եւ գյուղացիների համեստ խրճիթներում: Դուդուկն է, որ երաժշտության համամարդկային լեզվով աշխարհին պատմել է հայի պատմությունը։ 20-րդ դարի սկզբից ազգային նվագարանը նոր շունչ ստացավ՝ վարպետ դուդուկահարների տարբեր սերունդների շնորհիվ հայտնվելով «Հայֆիլմի» առաջին կիոնկարներում, այնուհետեւ՝ մեծ բեմերում ու տարբեր ժանրերի նվագախմբերում, եւ ժամանակի ընթացքում հիմնավոր տեղ գրավեց համաշխարհային նվագարանների շարքում։ «Շատ կարեւոր է, որ մենք կարողացել ենք որպես ազգ նման արժեք ստեղծել եւ նվիրել աշխարհին, բայց առավել կարեւոր է, որ այն ինչ նվիրել ենք՝ ի վիճակի լինենք ինքներս դրա կրողը, պահպանողն ու տերը լինել, որպեսզի այնքան ամուր հիմքերի վրա լինենք, որ երբեւէ որեւէ մեկը կասկածի տակ չառնի, որ դուդուկը հայ մշակույթի անքակտելի մասն է», նշում է հայկական դուդուկի դպրոցի ամենաճանաչված վարպետներից Էմմանուել Հովհաննիսյանը։ Մշակույթի տեր կանգնելու համար պետք է ճանաչենք մեր ազգային արժեքները, որոնք համաշխարհային գլուխգործոցներ են նաեւ համարվում։ «Դուդուկ. հայի հոգու ձայնը» համերգը բացառիկ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու, նորովի բացահայտելու հայի հոգու ձայնը լավագույնս արտահայտող ազգային նվագարանը։ Համերգը նախատեսված է նաեւ մանուկների ու պատանիների համար՝ վաղ հասակից նրանց ծանոթացնելու հայկական մշակութային ժառանգությանը։

Շտապե'ք ամրագրել ձեր ներկայությունը «Դուդուկ. հայի հոգու ձայնը» համերգին, որ տեղի կունենա Նոյեմբերի 13-ին, ՀԲԸՄ Վաչե եւ Թամար Մանուկյան Արվեստի Կենտրոնում։ Համերգ, որ համադրում է դարավոր ավանդույթները ժամանակակից արվեստի հետ։ Մաս կազմեք դուդուկի տոնախմբությանը տոմսեր ձեռք բերելով հետեւյալ կայքից՝ https://www.agbupac.org/calendar/2024/duduk

Համերգի մասին առավել տեղեկություններ կարելի է ստանալ համերգին նվիրված սոցիալական հարթակներից (@dudukmanproduction եւ @armeniankidsfestival) :


Թղթակից



Comentários


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page