ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի և Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի համագործակցությամբ լույս է տեսել Զահրատի «100 բանաստեղծություն» ժողովածուն։
Բացման խոսքում «Համազգային»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանն ընդգծեց՝արդեն ավանդույթ է նշանավոր գրողների հոբելյանները նշել նոր գրքերի լույսընծայմամբ՝ «100-ամյակ 100 բանաստեղծություն» սկզբունքով: Զահրատի «100 բանաստեղծություն»-ը երրորդ գիրքն է Վահագն Դավթյանի և Պարույր Սևակի 100-ամյակներին նվիրված հատորներից հետո։
Ռուզան Առաքելյանն անդրադարձավ Զահրատի ստեղծագործության յուրահատկություններին՝ լեզվի պարզությանը, բանաստեղծության պատմողական բնույթին և կերպարներին, որոնք խոսում են համամարդկային լեզվով, պատմում բոլորիս ապրումների մասին․ «Յուրահատուկ է նաև Զահրատի սիրային քնարերգությունը. գրողի համար սերը կարծես հեքիաթ է, որը կարիք չունի պերճ և բարձրագոչ բառերի: Նրա բանաստեղծության մեջ կա նաև ազգային գիծը․ այս գրքով ներկայի և ապագայի սերունդները պիտի ճանաչեն հայ գրականության մեջ իր հետագիծը թողած տաղանդաշատ գրողին»,-նշեց բանախոսն ու ընդգծեց նաև պոլսահայ հեղինակների տարբերությունը Սփյուռքի մյուս գաղթօջախների ներկայացուցիչներից։
Մանկավարժական համալսարանի Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, գրքի կազմող և «Զահրատը՝ 100 տարեկան կամ մեր մէջ շարունակուող Զահրատը» առաջաբանի հեղինակ Սուրեն Դանիելյանը հուզումով և ջերմությամբ հիշեց իր և Զահրատի պտույտները Պոլսո թաղերում, Երևանում և Նյու Յորքում։
Խոսելով պոլսահայ գրական ընթացքների մասին՝ նշեց՝ Զահրատն ու Զարեհ Խրախունին երկրորդ կյանք տվեցին պոլսահայ գրեթե մեռնող գրականությանը․ 1960-ին «Մեծ քաղաքը» ժողովածուով Զահրատն ազդարարեց իր տիրական մուտքը, իսկ «Մեկ քարով երկու գարուն» գրքով արդեն նվաճեց ազգային գրականության մայրուղին, ապացուցեց իր բանաստեղծական հզոր ներուժը. «Կատուների հետ «ընկերացած» Զահրատը եկավ դեպի մարդը, դեպի մարդկային ներհակ ապրումները, դեպի հայը: Ժողովածուն ցույց է տալիս, որ մենք բոլորս էլ Զահրատի հերոսներն ենք՝ տառապող, երկվություն ապրող: Նա մեր պոեզիային բերեց կյանքն ու խինդը՝ ծառանալով «ժամանակին դեմ», դառնալով հայ բանաստեղծության մեջ այդ նույն ժամանակի դեմ «հովիտին խորը հոսող գետը»,- նշեց պրոֆեսոր Դանիելյանը։
«Զահրատ. 100 բանաստեղծություն» գրքի խմբագիր Քնարիկ Աբրահամյանն ընդգծեց՝ բարդ էր «բանաստեղծի հետ գլուխ գլխի գալ» ու լավագույն հարյուր բանաստեղծություններ ընտրել. Զահրատը հայ գրականության բարձունքները նվաճած գրող է, որը թեև իր տաղանդի ուժով, իր նորարար մոտեցումներով կարողացել է փոխել հայ ավանդական բանաստեղծության հունը, սակայն նրա պոեզիայում նկատելի են ժողովրդական բանահյուսության և մեր գրական մեծությունների հետ երկխոսությունները՝ Ղ. Աղայան, Վ. Թեքեյան, Պ. Սևակ եւ ուրիշներ...
Թղթակցությունը «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի
Comments