Թե ինչպե՞ս «Երազ իմ երկիր հայրենի»-ն դարձավ ՀՀ զինված ուժերի օրհներգը: (Տեսանյութ)
- gumruyan
- Jan 30
- 2 min read
Updated: Jan 30

Իմ կյանքի ամենաերջանիկ, ամենաերազած, բաղձալի, պատմական օրն էր, որին սպասել էի հարյուրավոր տարիներ. 1994 թվական, մայիսի 28, Սևանի թերակղզի, նախագահական հանգստավայր:
Հազարամյակ ի վեր առաջին անգամ հայ զինվորը ոչ թե բարոյական, այլ շոշափելի, հողեղեն հաղթանակ էր տարել, հայրենի հող էր ազատագրել:
Ամեն անգամ երբ հիշում եմ այդ օրն ու ինձ համակած իրարամերժ զգացողություններս, չեմ դադարում զարմանալուց, թե ոնց դիմացա ուրախության ու հպարտության այդ գերհզոր ալիքին, ինչ ալիք՝ ալեկոծությանը, հրաբուխին:
Էհե՜յ, հայոց հին ու նորեր, նվիրյալներ, երազողներ, ողբասացներ, սպարապետներ, թագավորներ, գրողներ, բանաստեղծներ, նահատակներ, պատմիչներ, հայեր…
էս արցունքները միայն իմ ուրախությանը չեն, սրանք ձեր բոլորինն են: Մտովի բոլորին հավաքել էի շուրջս՝ կիսեք հետս ուրախությունս, ամբողջ աշխարհին կհերիքի, ինչքան ենք երազել: Մեր սերընդին հաջողվեց. անկախ Հայաստանի առաջնորդը հողեղեն հաղթանակ տարած զորքին պարգևատրում է՝ հայրենիք ենք հետ բերել: Զոհերով ու արյունով, զրկանքներով ու կորուստներով: Կյանքում էլ երբեք այդքան շատ երջանկությունից արտասվող տղամարդ չեմ տեսել:
(Այդ օրվա մասին շատ եմ գրել, առավել մանրամասն՝ մեկնաբանությունում ):
Այսօր պատմեմ այդ օրվա մշակութային ծրագրից: Ես ՆԳՆ լրատվական վարչության պետն եմ, նաև հանրության և մշակութային գործիչների հետ կապավորը: Նախարար Վանո Սիրադեղյանն ինձ հանձնարարեց, որ մեկ երկու երաժշտական համար էլ ՆԳՆ-ի կողմից լինի, որովհետև համերգային ծրագիրը ՊՆ-ինն էր: Իսկ ես ընդամենը մի քանի օր առաջ մի չքնաղ համերգի էի ներկա եղել, նորակազմ խումբ էր՝ մի ամսական չկար, բայց հրաշք էր: Հայկական երգերի շարան՝ գողթան երգերից մինչև արդի երաժշտություն:
-Պարոն նախարար, մի նոր խումբ կա, երաշխավորում եմ՝ բարձր ճաշակ, անուրանալի արվեստ ու ծայրից ծայր հայկականություն:
- Տես Նիկոլայ, անփորձ խումբը խայտառակ չանի:
-Պարոն նախարար, ամբողջ երեկո հայացք չեք թեքի:
Մի քանի համարից հետո, նախարարի հանձնարարականով մոտեցա ՊՆ փոխնարարին՝ բա մերոնք պիտի երգեն: Դժկամությամբ գետնախառն բեմը զիջեցին մեզ, որն այլևս էլ հետ չվերադարձվեց: Մեկը մեկի ետևից եկան ու շարվեցին մեկ ամսական Երգի թատրոնի երիտասարդ ու ոչ այնքան հայտնի երգիչ երգչուհիները: Արդեն քեֆները լավ զինվորականները թերահավությամբ էին նայում՝ երբ կվերջացնեն, որ անցնեն զուռնա դհոլին: Առաջին երգերը հալեցրին ու ջերմացրին մթնոլորտը: Եվ տարածվեց՝ «ԵՐԱԶ ԻՄ ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ»…
Երգի հնչյուններն ու բառերն այնքան էին միահյուսված, այնքան ազդեցիկ էին, շշուկ չկար: Նախագահի աչքերը խոնավացել էին, Վազգենն արցունքները չէր թաքցնում, Վանոն թաքցնում էր՝ իբր ուրիշ կողմ նայելով: Գրիգորիչին խնդրեցի, որ այդ երգն էլի երգեն: Երբ երգն էլի ավարտվեց, ծափերը դադարեցին, ու լռություն: բոլորը նայում են նախագահին: Նա վեր կացավ ու Վազգենի հետ մոտեցավ երգիչներին: Բոլոր երգիչներին անվանական ժամացույցներ նվիրեց: Իսկ Վազգենը դահլիճով մեկ բամբ ձայնը գցեց՝ սա մեր բանակի հիմնն է լինելու: Մնացածն արդեն տեսել եք ու գիտեք:


Նիկոլայ Գրիգորյան
Comments