Օրերս ՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ Բանասիրական ֆակուլտետում էր բանասեր, գեղագետ, արվեստաբան Լևոն Լաճիկյանը:
Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանն ընդգծեց գեղագետին հյուրընկալելու կարևորությունն ու նշեց՝ բացում ենք մեզ համար նոր ու անծանոթ քաղաք՝ Պոլիսը:
Պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը ներկայացրեց Լևոն Լաճիկյանի գրքերն ու վերջերս Պոլսո Պատրիարքարանի հովանավորությամբ և Պոլսո Հայոց պատրիարք Ն.Ա.Տ. Սահակ Բ. Մաշալեանի հրամանով լույս տեսած «Պոլիսը՝ հին և նոր» պատկերագիրքը:
Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող Քնարիկ Աբրահամյանն էլ իր խոսքում հիշեցրեց՝ ամբիոնի ջանքերով ուսանողները հաճախ են հնարավորություն ունենում հանդիպել գրամշակութային գործիչների հետ։ Նա պատահական չհամարեց Լևոն Լաճիկյանի հետ հանդիպումը․ վեջինս նաև բանասեր է։ Քնարիկ Աբրահամյանը ներկայացեց Լևոն Լաճիկյանինն և ընդգծեց՝ ասպիրանտական կրթությունը «Գեղագիտություն» մասնագիտությամբ ստացած դոցենտն այսօր դասավանդում է Իջևանում, Գյումրիում, փորձում համահայկական չափումների հասցնել իր արվեստագիտական ընկալումները։
Բանախոսը նշեց նաև՝ Լևոն Լաճիկյանը հեղինակել է «Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ» և պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի գրախոսմամբ «Խաչվող ճանապարհներ» ժողովածուները. «Ինչ մնում է նոր հրատարակված պատկերագրքին, ապա պիտի նկատել՝ Լաճիկյանը ճանաչում է պոլսահայ աշխարհը, պոլսահայ գրողներին»,-նշեց Քնարիկ Աբրահամյանը։
Բանասիրականում հյուրընկալված Լևոն Լաճիկյանը ներկայացրեց պատկերագրքի ստեղծման պատմությունն ու պատահական չհամարեց, որ պատկերագրքի հայաստանյան ներկայացումների շարքն սկսել է հայրենի քաղաք Գյումրիից։
Ինչ մնում է պոլսական պատկերագծումներին՝ խոստովանեց, որ բանասեր լինելը նպաստել է Կ. Պոլսի արժեքն առավել լավ հասկանալուն, իսկ Պոլիսի հանդեպ սերը, ինչպես նկատեց նկարիչը, իր մեջ սերմանել է նաև պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը։
Լևոն Լաճիկյանը մանրամասն նկարագրեց նկարների ստեղծման պատմությունը, շարժառիթները, մասնավորապես՝ Պոլսին դիմագիծ հաղորդած արքունական ճարտարապետների՝ Պալյան գերդաստանի կառույցները, խոսեց հայկական մշակութային ժառանգության մասին։
Հանդիպման ընթացքում 4-րդ կուրսի ուսանողուհի Նինա Ճուղուրյանը ներկայացրեց Լաճիկյանի արվեստի մասին Պոլսի «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ, արձակագիր Ռոպեր Հատտեճյանի գնահատականի խոսքը։
Հանդիպումն ամփոփեց ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, որը կարևորեց նմանօրինակ հանդիպումները՝ գնահատելով արվեստագետի բովանդակալից ու համապարփակ ներկայացումը...
Թղթակցությունը «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնից
Comentarios