top of page

Խաչատուր Աբովյանը Պերճ Պռոշյանի հուշերում


Հոկտեմբերի 15-ը մեծանուն գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, լուսավորիչ, հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիր Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է։ 2024 թ․-ին լրանում է նրա 215-ամյակը։

Աբովյանը ոչ միայն առաջին հայերեն աշխարհաբար վեպի՝ «Վերք Հայաստանի»-ի հեղինակն էր, այլև՝ իր ժամանակների համար նորարարական մոտեցումներով հայտնի ու շատ սիրված մանկավարժ։

Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել գրող Պերճ Պռոշյանը. վերջինս սովորում էր Աշտարակի գյուղական դպրոցում, որտեղ հետամնաց բարքեր էին տիրում, և երեխաներին հաճախ էին ծեծում։ Օրերից մի օր այդ դպրոց է այցելում Երևանի արքունի դպրոցի տեսուչ Խաչատուր Աբովյանը։ Երեխաների հետ շփման ընթացքում նա հասկանում է, որ աշակերտները ծեծի են ենթարկվում Շապուհ վարժապետի կողմից։ Դիմելով երեխաներին՝ ասում է. «Երեխա′յք, եթե ես խնդրեմ վարժապետից, որ այսուհետև ձեզ չծեծի, խոստանո՞ւմ եք, որ միշտ դասերդ լավ պատրաստեք»։

Երեք օր շարունակ Աբովյանն այցելում է դպրոց, երեխաներին տարբեր ուսումնական խաղեր է սովորեցնում, խաղում է նրանց հետ, տանում գետը, նրանց հետ միասին լողում, պայմանավորվում Շապուհ վարժապետի հետ, որ այսուհետ չի ծեծի երեխաներին, ամառվա շոգերին միայն առավոտյան և երեկոյան հով ժամերին կանցկացնի դասերը, կխաղա նրանց հետ և այլն։ Այդ օրերի ընթացքում Աբովյանը դառնում է երեխաների սիրելին, նրանք շատ դժվարությամբ են կարողանում բաժանվել իրենց նոր ընկերոջից ու պաշտպանից։

Պռոշյանը գրում է. «Եթե նա մեզ չկանգնեցներ, մենք պատրաստ էինք ուղեկցել նրան մինչև Երևան: Նա ձի նստեց և հեռացավ: Բլրի հետևն էր անցել Աբովյանցը, իսկ մենք մեր կեցցեները դեռ չէինք դադարեցրել: Գնաց հայ ազգի նոր գրականության լուսատու աստղը՝ հանրահռչակ Խաչատուր Աբովյանցն և մեր սիրտը հետը տարավ»:


Թղթակից

Comments


bottom of page