top of page

Մոնիկա Բելուչիի տարօրինակ ամուսնությունն ու գաղափարները. «Կյանքում չէի ցանկանա նորից 20 տարեկան լինել»

Կուզեի՞ք, որ իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին, որի համար տասնամյակներ շարունակ խելագարվում էին ողջ աշխարհի տղամարդիկ, լիներ ձեր հարեւանը։ Առնվազն մի հայ նման բախտի արժանացել է՝ 13 տարի առաջ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը լրագրողի հարցին. «Ճիշտ ՞ է, որ արտասահմանում Ջենիֆեր Լոպեսի հարեւանությամբ եք ապրում», պատասխանել է. «Չէ՛, Ջենիֆեր Լոպեսը իմ հարևանը չէ, բայց Մոնիկա Բելուչին իմ հարևանն է»: Այո′, շատ ճիշտ եք, այդ պատգամավորը Տիգրան Արզաքանցյանն էր։

Օրերս Մոնիկա Բելուչին դարձավ 60 տարեկան եւ, ի դեպ, հայտարարեց. «Բոլորովին չէի ցանկանա կրկին երիտասարդ լինել, որովհետեւ կյանքս անսովոր էր ու հեքիաթային»։ Իսկապես, առաջին հայացքից թվում է, թե որեւէ անսովոր բան չկա, որ Սոֆի Լորենի, Ջինա Լոլոբրիջիդայի, Կլաուդիա Կարդինալեի հայրենիքը՝ Իտալիան, աշխարհին եւս մի գեղեցիկ դերասանուհի է պարգեւել։ Իրականում, ըստ տարբեր աղբյուրների, Բելուչի ազգանունը ծագում է Բելուջիստանից։ Պակիստանի հենց այդ նահանգից էր ժամանակին Իտալիա ներգաղթել Մոնիկա Բելուչիի հայրը, որը մահմեդական էր, բայց դա բոլորովին նշանակություն չունեցավ Մոնիկայի մոր՝ հավատարիմ կաթոլիկ Բրունելա Բրիգանտիի համար։ Նրանք ամուսնացան ու թեեւ հազիվ էին ծայրը ծայրին հասցնում, երջանիկ ապրում էին Չիտա-դի-Կաստելլո իտալական փոքր քաղաքում։ Միայն երեխա չունեին. բժշկական զննությունից հետո մասնագետն ասել էր Բրունելային. «Ցավոք, ձեր դեպքում հղիությունը բացառված է»։ Բայց, ինչպես հեքիաթներում է պատահում, 1964 թվականի աշնանը հրաշք կատարվեց, եւ ծնվեց Մոնիկան։

Մի անգամ բարձր դասարանցի Մոնիկան դպրոցից տուն վերադառնալով՝ խոստովանեց հորը. «Պա′պ, փողոցում ինձ բոլորը նայում են, տղամարդիկ նայում են, կանայք նայում են, դպրոցի երեխաները նայում են։ Ես ամաչում եմ»։ Հայրը հոգոց քաշեց ու պատասխանեց. «Պիտի սովորես, աղջի′կս։ Պիտի սովոր լինես, որ այսուհետ քո ողջ կյանքում այդպես է լինելու, գրավիչ տեսք ունես»։ Բայց ամենասարսափելին, իհարկե, համադասարանցի աղջիկների վերաբերմունքն էր։ Տարիներ անց Մոնիկա Բելուչին կգրի. «Երբեք մի՛ ատեք այն մարդկանց, որոնք ձեզ նախանձում են, ընդհակառակը, գնահատեք նրանց, քանզի նրանք անթաքույց ընդունում են, որ դուք իրենցից լավն եք»։

Ի դեպ, 1996 թվականին, երբ Մոնիկա Բելուչին «Բնակարանը» ֆիլմի նկարահանումների ժամանակ առաջին անգամ հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ հայտնի ֆրանսիացի դերասան Վենսան Կասելին, նրանք միմյանց բոլորովին դուր չեկան։ Վենսանը սկզբում հաստատ համոզված էր, որ Մոնիկան մեկն էր այն անտաղանդ, միջակ դերասանուհիներից, որոնք փորձում են կինոյում հաջողության հասնել միայն իրենց արտաքին տվյալների շնորհիվ։ Մոնիկան էլ այն տպավորությունն ուներ, որ դերասանը գոռոզ է ու հավակնոտ։ Նկարահանման ավարտին արդեն նրանք չէին պատկերացնում իրենց կյանքն առանց միմյանց։

Երեք տարի շարունակ Վենսանը համոզում էր Մոնիկային ամուսնանալ։ Որքան էլ տարօրինակ հնչի, օգնեց ավտովթարը, որի հետեւանքով Վենսանը հիվանդանոցում հայտնվեց մահամերձ վիճակում։ Միայն այդ ժամանակ Մոնիկան համաձայնեց օրինականացնել իրենց հարաբերությունները, բայց հիմնավորումը ավելի տարօրինակ էր. «Մտածեցի, որ եթե, Աստված չանի՝ մահանա, շատ ավելի շահեկան է լինել այրի, քան նախկին սիրուհի։ Հետո էլ սեւ զգեստը ամենից շատ է սազում բոլոր կանանց»։

Բայց ամենից տարօրինակը նրանց համատեղ կյանքն էր, քանզի համատեղ չէին ապրում։ Մոնիկան Հռոմում էր, Վենսանը՝ Փարիզում։ Ու այդպես էլ ընդհանուր տուն չունեցան, հանդիպում էին հիմնականում համատեղ նկարահանումների ժամանակ։ Լրագրողների զարմացած հարցերին Մոնիկան պատասխանում էր. «Իսկ ես զարմանում եմ, թե ինչու եք դուք զարմանում։ Չէ՞ որ եթե քիչ ժամանակ եք անցկացնում միասին, չեք էլ հասցնում հոգնել միմյանցից ու վիճել։ Իսկական սերը ծաղկում է միայն այն ժամանակ, երբ կա ազատություն եւ փոխադարձ հարգանք։ Իրականում մեզ ոչ ոք չի պատկանում՝ ո′չ մեր ամուսինները, ո′չ էլ երեխաները։ Նրանք հո մեր սեփականությո՞ւնը չեն։ Իսկ հենց որ սկսեցիր փորձել, վերաձեւել ինչ-որ մեկին՝ ըստ քո պատկերացումների եւ ճաշակի, իմացի′ր՝ դու արդեն դադարել ես սիրել նրան»։

Անհեթեթ բաներ է ասել այս կինը, կպնդեն ոմանք եւ կհիմնավորեն՝ վերջը բաժանվեցին, չէ՞։ Ընդդիմախոսները կհակադարձեն՝ բայց չէ՞ որ մինչ այդ 20 տարի հաշտ ու խաղաղ ապրեցին որպես ամուսիններ։ Ինչեւէ, այժմ Մոնիկա Բելուչին խոստովանում է. «Կյանքում չէի ցանկանա նորից 20 տարեկան լինել: Այժմ ես շատ ավելի երջանիկ եմ, քան այն ժամանակ: Չէ՞ որ ջահելության տարիներին մենք նոր ենք ճանաչում ինքներս մեզ, փորձում ենք հասկանալ՝ ինչպիսին ենք ցանկանում լինել, տառապում ենք ոչ ինքնավստահ լինելուց: Այժմ ես հստակ գիտեմ՝ ինչ է ինձ անհրաժեշտ և առանց ինչի կարող եմ ապրել»:


Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա

Comentarios


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page