top of page

Ուզում եք ունենալ էկոլոգիապես մաքուր մոլորակ՝ քիչ շնչեք


Ո՞վ չի տեսել Չիպոլինոյի արկածների մասին խորհրդային հրաշալի մուլտը։ Երեւի հիշում եք նաեւ այն զավեշտական ու միաժամանակ ինչ-որ տեղ ողբերգական դրվագը, երբ կատաղությունից կարմրած Սինյոր Պոմիդորը՝ ելույթ ունենալով բանջարաբոստանային հասարակության խեղճ ներկայացուցիչների առջեւ, սպառնալից տոնով փաստում է. «Այն բանից հետո, երբ մենք օդի հարկ սահմանեցինք, դուք սկսեցիք ավելի քիչ շնչել»։ Ո՞վ կմտածեր, որ Ջաննի Ռոդարիի հայտնի գրքի լույսընծայումից տասնամյակներ անց գիտնականները կեզրակացնեն՝ շնչելն իրոք վնասակար է մեր հարազատ երկնագույն մոլորակի համար։

Լոնդոնյան «Daily Mail» թերթը, վկայակոչելով բրտանացի գիտնականներին, գրում է՝ մարդու արտաշնչած օդը, որը մեթան եւ ազոտի օքսիդ է պարունակում, զգալի ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա, քանզի այդ գազերը էապես նպաստում են գլոբալ ջերմացմանը։ Էդինբուրգի էկոլոգիայի կենտրոնի դոկտոր Նիկոլաս Քոուենը բացատրում է. «Դեռ դպրոցական դասերից բոլորս հիշում ենք, որ մարդը ներշնչում է թթվածին եւ արտաշնչում է ածխաթթու գազ։ Բույսերի մոտ ամեն ինչ հակառակն է՝ նրանք ածխաթթու գազն օգտագործում են ֆոտոսինթեզի, այսինքն, թթվածին ստանալու համար։ Ստացվում է՝ բույսերը բարի գործ են անում մոլորակի համար, այնինչ, մենք վատթարացնում ենք մթնոլորտի վիճակը։ Եւ չարաչար սխալվում են նրանք, ովքեր համոզված են, թե շնչելու ընթացքում մեր հասցրած վնասը նվազագույն է»,- զգուշացնում է մասնագետը։

Դե ի՞նչ անենք, հո չե՞նք կարող, ինչպես ասում էր սինյոր Պոմիդորը, ավելի քիչ շնչել։ Ստիպված պիտի մխիթարվենք նրանով, որ մենք բնությանն ավելի քիչ վնաս ենք հասցնում, քան կովերը։ Մի քանի տարի առաջ ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը համապարփակ հետազոտություն էր անցկացրել եւ պարզել, որ կովերի հետ է այս կամ այն կերպ առնչվում աշխարհի բոլոր ջերմոցային գազերի արտանետման 18 տոկոսը։ Դա ավելին է, քան արտանետում են տրանսպորտի բոլոր միջոցները։ Ավելին, մթնոլորտում հայտնված ամոնիակի երկու երրորդը կովերի հետ է կապված։ Իսկ մսի արտադրությունն աշխարհում գնալով աճում է, ինչի հետեւանքով, ասում են մասնագետները, կովերի հասցրած էկոլոգիական վնասը 2050 թվականին կարող է կրկնապատկվել։ Այնպես որ, եթե չեք կարող ավելի քիչ շնչել, գոնե տավարի միս քիչ կերեք։ Աշխատանքի էլ հեծանվով գնացեք, ինչպես իր պաշտոնավարման առաջին օրերին անում էր Հայաստանի վարչապետը։ Ափսոս, այդ գեղեցիկ ժամանակաշրջանը շատ կարճ տեւեց, եւ մեր մայրաքաղաքի խորհրդանիշը դարձան համատարած խցանումները։

Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ ավտոմեքենաների հասցրած էկոլոգիական վնասն այնուամենայնիվ հնարավոր է հետզհետե կրճատել՝ եթե հետեւենք այն երկրների օրինակին, որոնք արդեն շատ կանկրետ վերջնաժամկետներ են սահմանել բենզինով, դիզվառելիքով եւ գազով աշխատող մեքենաներից հրաժարվելու եւ էլեկտրոմոբիլներին անցնելու համար։ Շատ ավելի դժվար է կրճատել այսպես կոչված հանածո վառելիքի օգտագործումը տնտեսությունում եւ զարկ տալ քամու եւ արեւի էներգետիկային։ Այդ առումով շատերը պատմական են համարում Դուբայում օրերս կայացած բնապահպանական համաժողովի որոշումը՝ 2050 թվականին հասնել ածխածնային չեզոքության։

Ինչ է իրենից ներկայացնում ածխածնային չեզոքությունը։ Փորձեմ հնարավորինս հակիրճ ձեւակերպել։ Դա այն իրավիճակն է, երբ ածխաթթու եւ այլ վնասակար գազերի պարունակությունը մթնոլորտային օդում կայունանում է եւ այլեւս չի աճում։ Մինչեւ հիմա աճում էր սրընթաց, եւ հենց դրանով է պայմանավորված գլոբալ ջերմացումը, որը վերջին տասնամյակում բոլորս զգում ենք սեփական մաշկի վրա։ Չեմ ասում այն մասին, որ այս դեկտեմբերի առաջին կեսը փաստորեն աշնանից ոչնչով չէր տարբերվում։ Ուղղակի օդերեւութաբաններն են փաստում՝ վերջին 9 տարիները բոլորն էլ ռեկորդային էին, մեկը մյուսից տաք։

Ածխածնային չեզոքությունը կամ «net zero»-ն՝ մաքուր զրոն, անշուշտ, թիվ մեկ թեմա կդառնա նաեւ հաջորդ տարվա բնապահպանական համաժողովում, որը Հայաստանի բարի կամքի շնորհիվ տեղի կունենա Բաքվում։ Այո′, գերիների փոխանակման համաձայնության հետ միասին երկու երկրների իշխանությունները պայմանավորվեցին նաեւ, որ Հայաստանը չի խոչընդոտելու համաժողովն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացնելու որոշմանը։ Իլհամ Ալիեւը չի էլ թաքցնում ուրախությունը։ Մեջբերեմ. «Եթե նույնիսկ հիշենք Եվրոպական խաղերը, ապա այն ժամանակ մեզ մոտ եկան 5 հազար մարզիկներ եւ նրանց ուղեկցող եւս շուրջ 3 հազար հյուրեր։ Բայց հաջորդ տարվա բնապահպանական համաժողովի օրերին Ադրբեջան կժամանեն տասնյակ հազարավոր օտարերկրյա ներկայացուցիչներ, եւ երկու շաբաթվա ընթացքում Բաքուն կդառնա աշխարհի կենտրոն»,- հպարտությամբ ասել է Ադրբեջանի նախագահը։

Դե ինչ, եթե միջազգային հավաքը այսքան մեծ ոգեւորություն է առաջացնում հարեւան հանրապետությունում, դրանում երեւի ոչ մի վատ բան չկա, կարեւորը, որ մեր տղաները տուն վերադարձան։


Արմեն Դուլյան,Սպուտնիկ Արմենիա


Comments


bottom of page