Լասվեգասաբնակ մտավորական Լաուրա Խլղաթյանը մեր ընթերցողներին ծանոթ է իր թղթակցություններով և ինքնատիպ բանաստեղծություններով։ Իր ստեղծագործություններն սկսվում են նախապատմությամբ, որին հետևում է իր սրտի անկեղծ շարադրանքը։ Ցեղասպանության սուրբ զոհերի հիշատակին նվիրված այս իրապատումը սիրով հանձնում ենք Ձեր դատին։
Անակնկալ զանգ
Վաղ առավոտ էր։ Լաս Վեգասում մայիսին եղանակը միշտ էլ շատ մեղմ ու հաճելի է լինում։ Լսվում էր թռչունների ծլվլոցը։ Գունագեղ թիթեռները թռչում էին ծաղկից ծաղիկ։
Նոր էի արթնացել, պատրաստել էի բուրավետ սուրճ և ամուսնուս հետ բակում նստած՝ շրջապատված գեղեցիկ ծաղիկներով, սուրճ էինք խմում ու զրուցում, երբ հնչեց հեռախոսի զանգը։
Երևանից էր։ Զանգահարողը քրոջս աղջիկն էր։ Հայտնեց, որ երեկ ծնողները տղայի և հարսնացույի հետ գնացել էին հարսի ծնողներին այցելության։ Զրույցի ժամանակ խնամին մի պատմություն էր պատմել, որ լսել էր իր պապից։
Քրոջս դուստրը համառոտ պատմեց լսածը։ Խոստացա գրի առնել այն՝ բանաստեղծության տեսքով։
Ի դեպ ասեմ, այդ պապիկը բանաստեղծության հերոսների հետագայում ծնված որդին էր, որին և ծնողները պատմել էին եղելությունը։
Պապիս հուշերից
-Զավակնե՛ր իմ, սիրասուն,
Լսե՛ք, թե ի՞նչ եմ ասում,
Մի բան պատմեմ հիմա Ձեզ,
Որ պապիցս է հասել մեզ։
Շատ տարիներ են անցել,
Ծանր հուշն է մնացել,
Պատմությունն այս սրտաբեկ,
Հանգիստ չի՛ տալիս, երբե՛ք։
Այսպես ասաց տան հայրը,
Նայեց դեմքին բոլորի,
Խոր շունչ քաշեց ու սկսեց
Պատմությունն իր պապի։
-Եղեռնի դաժան օրեր,
Բորենի դարձած թուրքեր,
Վխտում են ամենուրեք,
Մորթում ծեր ու երեխեք։
Պապս տատիս հետ մեկտեղ,
Տասնութ, քսան տարեկան՝
Գրկին փոքրիկն իր անմեղ,
Մի խմբի հետ հեռացան։
Նա հիշում էր, թե ինչպես,
Երբ կողպեցին դուռը տան,
Կինը չոքեց ու ողբաց,
-Ե՛տ դարձրու մեզ, Տե՛ր Աստված։
Այսպես անցան շատ օրեր,
Քայլում էին լուռ նրանք,
Լսվում էր հեծկլտոցներ,
-Արդյոք, մինչ ու՞ր պիտ գնանք։
Մեկ անձրևն էր հեծեծում,
Մեկ քամին էր հալածում,
Հապա վայրի շները,
Ոռնում էին, մոտ գալիս,
Հատկապես, գիշերները։
Սովից հյուծված, հալածված,
Ոտքերն հազիվ քարշ տալով,
Գնում էին մոլորված,
Իրենց բախտն անիծելով։
Կինը գրկած փոքրիկին,
Ուզեց կերակրել կրծքով,
Բայց անկաթ, հյուծված կրծքին
Փոքրիկը հանգչեց շուտով։
Կինն ուզեց գոռա՛լ, ճչա՛լ,
Ողբալ կորուսն իր այդ մեծ,
Բայց ամուսինը, իսկույն,
Ձեռքով բերանը փակեց։
-Դու չե՛ս կարող վտանգել
Կյանքը մարդկանց այս անմեղ,
Թուրքը կարող է լսել
Ու կոտորել տեղն ու տեղ։
Նա լուռ վերցրեց փոքրիկին,
Դալուկ թաթիկն համբուրեց,
Ամուր սեղմեց իր կրծքին,
Քիչ հեռու մի փոս փորեց։
Ամբողջ գիշեր շները
Ինչ-որ մի բան քաշքշում,
Գռմռալով հարձակվում,
Արդյոք, ի՞նչ էին կիսում։
Վերջապես գիշերն անցավ,
Շուրջը քիչ-քիչ լուսացավ,
Ձեռքերը կրծքին խաչած
Ու վշտից մի բուռ դարձած,
Կինը տխու՜ր, գլխակո՜ր
Փոքրիկ շիրմի մոտ գնաց։
Դեմքը գունա՜տ, վշտահա՜ր
Կինը դանդա՜ղ եկավ ետ,
Եկավ կանգնեց դողահար
Ու ծղրտաց վշտաբեկ։
Մարդիկ իսկույն մոտ եկան,
Մխիթարեն մորը խեղճ,
Որ կանգնած էր անպաշտպան,
Դողացող ձեռքերի մեջ
Թաթիկները ի՛ր մանկան։
Լաուրա Խլղաթյան
Comments