
Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է, հայ բյուրավոր սուրբ նահատակների անմոռաց հիշատակի օրը: Համայն հայությունը ՀՀ-ում և Սփյուռքում, աշխարհի բոլոր կողմերում ոգեկոչում է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը:Այս տարի լրանում է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցը։

Ավանդության համաձայն, սուրբ նահատակների հիշատակի մերձակա շաբաթ օրը, «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը դասերն սկսում է հարգանքի, աղոթքի ու լինելիության ուխտի արարողությամբ։ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյաց Մայր Տաճարում աշակերտներին իր օրհնությունը բաշխեց առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանը: Սրբազան հայրը ներկաներին իր պատկերավոր խոսքով հիշեցրեց, որ «Խորհրուրդն այն պետք է լինի, որ մենք մեր ուխտը նորոգենք եղեռնի սուրբ նահատակների առաջ, պահպանենք հայ լեզուն, մշակույթը և մեր ինքնությունը»: Այնուհետև Սրբազան հայրը ներկայացրեց իրեն ընկերակցող հոգևորականներին, որոնք նոր էին ժամանել Մայր Աթոռ Ս․ Էջմիածնից։

Ապա աշակերտներն ուսուցիչների, ծնողների և բոլոր ներկաների ուղեկցությամբ գնացին սուրբ նահատակների խաչքարի առջև իրենց խոնարհումը մատուցելու: 2-ից մինչև 6-րդ դասարանների աշակերտները հպարտությամբ արտասանեցին Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը, ինչպես նաև այլ հայրենասիրական ստեղծագործություններ, ապա «Տերունական աղոթք»-ի միասնական երգեցողությունից հետո իրենց ծաղիկները խոնարհեցին։

Հաջորդ օրը, ապրիլի 21-ին դպրոցականները եկել էին մասնակցելու Ս․ Պատարագի։ Հետաքրքիր պատահականությամբ սրբազան արարողությանը ներկա էր նաև Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փալյանը, որը հայտնի է Հայոց Ցեղասպանության համար երկար տարիների անկոտրում պայքարով։

Օրվա խորհուրդը համալրվեց նաև գեղեցիկ զուգադիպությամբ։ Առաջնորդ Սրբազանը և թեմի Երիտասարդաց միությունը անակնկալ էին պատրաստել օրվա պատարագիչ, հոգեշնորհ Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյանի համար, քանի որ լրացել էր բոլորի կողմից շատ սիրված Հայր սուրբի ծննդյան 40-ամյա հոբելյանը։
Պատարագի ընթացքում աշակերտները ստացան առաջնորդ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի մասնավոր օրհնությունը։ Ինչպես նաև Սրբազան հայրը ներկաներին տեղեկացրեց, որ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը գաղութի համար պատրաստում է հրաշալի անակնկալ, որը նոր էջ է բացելու սփյուռքի միօրյա դպրոցների կրթական կյանքում։
Անի Եղիազարյան
Ուսուցչուհի
Comentarios