top of page

Քիմ Քարդաշյանը՝ Լոս Անջելեսի քաղաքապե՞տ. երբեմն իրականություն են դառնում ամենաանհավանական կանխատեսումները

Երեւի նկատել եք՝ մարդիկ ընդհանուր առմամբ միշտ լավատես են, մանավանդ Ամանորի նախօրեին։ Աշխարհի 33 երկրներում անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն, այդ պետությունների քաղաքացիների 65 տոկոսն ասել է, որ ավարտվող տարին վատն էր, բայց այդ նույն հարցվածների 71 տոկոսը համոզված է՝ եկող տարին լավն է լինելու։ Ելնելով այդ նույն լավատեսական սկզբունքից` կարելի է բազմաթիվ ոգեւորիչ կանխատեսումներ անել նաեւ Հայաստանի վերաբերյալ։ Օրինակ, 2025 թվականը մեզ համար պատմական կլինի. Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն առաջին անգամ խաղաղության մասին հիմնարար փաստաթուղթ կստորագրեն, որը համաձայնեցվում էր 4 տարի շարունակ։ Իսկ Թուրքիան 1993 թվականից հետո առաջին անգամ կբացի իր սահմանները։ 

  Կարելի է, իհարկե, շատ ավելի վարդագույն պատկեր ներկայացնել։ Ասենք, հաջորդ տարի իշխանություններն ու ընդդիմությունն առճակատվելու փոխարեն կսկսեն կառուցողական համագործակցությունը բոլոր բնագավառներում։ Կվերացվեն իշխանությունների ու եկեղեցու միջեւ տարաձայնությունները, կապահովվի տնտեսության աննախադեպ աճ, ինչի արդյունքում տարվա կեսին կվերանայվի բյուջեն, եւ բոլորի կենսաթոշակները կավելացվեն 10 հազար դրամով։ Կունենանք ժամանակացույցին խիստ համապատասխան գործող հարմարավետ քաղաքակիրթ տրանսպորտ, բայց ուղեվարձը 100 դրամից ավելի չի լինի։ Եւ վերջապես, Երեւանում համերգ կտա ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը։ Բա, փողը տվել ենք։

  Լավատեսները համոզված են նաեւ, որ Դոնալդ Թրամփը, ինչպես եւ խոստացել էր, շատ արագ կդադարեցնի Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտությունը, ինչպես նաեւ խաղաղություն կհաստատի Մերձավոր Արեւելքում։ Շատերն, իհարկե, նման զարգացումները քիչ հավանական են համարում, բայց ախր, վաղուց հայտնի է, որ լավատեսությունն ու հոռետեսությունը երկվորյակներ են. հանրահայտ Վանգան, օրինակ, 2025-ի մասին միաժամանակ մի քանի կանխատեսում է արել։ Մի կողմից, ասել է, որ մոլորակի բնակչությունը զգալիորեն կկրճատվի պատերազմների հետեւանքով, բայց մյուս կողմից, նրա վկայությամբ, բժշկության բնագավառում հեղափոխական իրադարձություններ տեղի կունենան, մասնագետները կսկսեն արհեստական օրգաններ աճեցնել ու նաեւ կգտնեն քաղցկեղի բուժման արդյունավետ միջոցը։

 Ի դեպ, Վանգան, որն 84 տարեկանում կյանքից հեռացել է մոտ երեք տասնամյակ առաջ՝ 1996-ին, եւս մի կոնկրետ կանխատեսում է արել՝ ասելով, որ 2025 թվականին մարդկությունը առաջին անգամ կհաղորդակցվի այլմոլորակայինների հետ, ընդ որում դա, նրա պնդմամբ, տեղի կունենա մարզական ինչ-որ միջոցառման ժամանակ։ Այնպես որ, չի կարելի բացառել, որ աշնանը Սեւանում անցկացվելիք «Հայաստանի վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի հերթական մրցաշարում ոչ միայն մեզ, այլեւ ողջ աշխարհին պատմական անակնկալ է սպասում՝ հանդիպում արտերկրային քաղաքակրթության ներկայացուցիչների հետ։

  Դե, Վանգայի եւ Նոստրադամուսի գուշակությունների մասին բոլորն են լսել, բայց թույլ տվեք ձեր ուշադրությանը ներկայացնել նաեւ պարզապես տարբեր երկրների շարքային քաղաքացիների կանխատեսումները։ Հիմա կհամոզվեք, որ դրանք էլ են չափազանց հետաքրքիր, համենայնդեպս, շատ ավելի հետաքրքիր, քան բազմաթիվ լուրջ մասնագետների եւ քաղաքագետների վերլուծությունները, որոնք սովորաբար ավարտվում են նույն խորիմաստ արձանագրումով՝ «Ժամանակը ցույց կտա»։

  Եւ այսպես։ Արեւմտյան լատվամիջոցներից մեկի աշխատակիցները բավական ծավալուն աշխատանք են կատարել՝ տարբեր սոցիալական ցանցերից քաղելով այն կանխատեսումները, որոնք արել են շարքային օգտատերերը։ Ներկայացնեմ դրանցից ընդամենը մի քանիսը։ Դուք արդեն հասցրե՞լ եք տեսնել «Անորա» ամերիկյան կինոնկարը, որում երկու հայ դերասանները հայկական մաֆիոզ կազմակերպության անդամների դերերն են կատարում եւ, իդեպ, որոշ դրվագներում հենց հայերեն էլ խոսում են։ Չեմ ուզում ձեր վզին փաթաթել իմ սուբյեկտիվ կարծիքն այդ ֆիլմի մասին, միայն ասեմ, որ վերաբերմունքը կինոնկարի նկատմամբ խիստ տարբեր է։ Ֆեյսբուքում, օրինակ, մի վրդովված գրառում հանդիպեցի, որի հեղինակը նույնիսկ կոչ է անում Հայաստանի իշխանություններին բողոքել «Անորայի» ցուցադրման դեմ։ Այնինչ, ամերիկացիներից մեկը գրում է. «Համոզված եմ, որ «Անորան» կճանաչվի տարվա լավագույն ֆիլմ եւ Օսկարի կարժանանա։ Դե ինչ, երեւի ճիշտ են ասում հայաստանցի վերլուծաբանները՝ «Ժամանակը ցույց կտա»։

 Եւ էլի մեր հայրենակիցների հետ կապված մի կանխատեսում։ Սոցցանցերից մեկի ամերիկացի օգտատերը չի բացառում, որ Քիմ Քարդաշյանը հաջորդ տարի իր թեկնածությունը կառաջադրի Լոս Անջելեսի քաղաքապետի՝ 2026 թվականին կայանալիք ընտրությունների համար։ Չգիտեմ, միգուցե սա կատակ է, բայց անկեղծ խոստովանեմ՝ մանավանդ վերջին 6 տարում այնքան անհավանական թեկնածուներ եմ տեսել, որոնք ոչ միայն քաղաքապետ, այլեւ երկրի ղեկավար են դարձել, որ այլեւս ոչ մի բանի վրա չեմ զարմանում։

 Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա

Comments


bottom of page